Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶՊԵՏ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է <<ԳՈՐԻՍՅԱՆ ՕՐԵՐ>> ԱՎԱՆԴԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ
20.09.2015
Սեպտեմբերի 20-ին Գորիսում մեծ շուքով նշվեց <<Գորիսյան օրեր>> ավանդական տոնակատարությունը: Միջոցառումների սկիզբը մեկնարկեց Գորիսի քաղաքապետարանից, որտեղ ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցի, գորիսեցի վետերանների և Բելառուսի Հանրապետության պատվիրակության ՀՀ մարզերի ներկայացուցչության և այլ հյուրերի մասնակցությամբ կազմակերպվեց հյուրասիրություն: Օրվա պաշտոնական բացումը Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում էր, որտեղ պետական այրերը շնորհավորեցին և պատվոգրեր հանձնեցին Գորիսում իրենց մեծ ներդրումն ունեցած քաղաքացիներին: Օրը լեցուն էր բազմաբնույթ միջոցառումներով: Նկարների ցուցադրություն , ֆլեշմոբ, սպորտային ցուցադրական մարզումներ երգ, պար , ուրախություն: Ողջ քաղաքին տոնական տրամադրությամբ ապահովում էր մի խումբ երիտասարդների կողմից կազմակերպված անակնկալը: Փուչիկներով զարդարված ավտոմեքենան շրջելով քաղաքում՝ Գուսան Աշոտի երգերով լցնում էր քաղաքի փողոցները:Գորիսյան կոլորիտն արտացոլվեց Գորիս գյուղում` Բակունցի հերոսներով. Գյուղում՝ թթենիների տակ, Մինա բիբին ընդունեց հյուրերին ու իր դողացող ձեռքերով մատաղ բաժանեց ներկաներին: Հետո քաղաքը թնդաց ուրախությամբ:Գորիսի գրեթե բոլոր թաղամասերում սյունյաց լեռնաշխարհին բնորոշ բարիքներով տոնական սեղաններ էին բացված: Նախակրթարանների և դպրոցների մասնակցությամբ թաղամասերում կազմակերպված միջոցառումներն ու հուրասիրությունը միավորել էին գորիսեցիներին: Հաճելի թեյախմություն էին կազմակերպել Գորիսի <<Տուրիզմի զարգացման կենտրոնն>> ու <<Երկրագիտական թանգարանը>>: Տոնական օրվա ավարտին կազմակերպվեց համերգ, իսկ երկոյան գորիսյան երկինքը զարդարեց շքեղ հրավառությունը: