Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 24-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ

21.09.2015

 Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ Սյունիքի մարզի քաղաքային ու գյուղական համայնքերում կազմակերպվել են տոնական բազմաբնույթ միջոցառումներ, որոնց մասնակցել են մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, համայնքների բնակիչներ:
Սեպտեմբերի 21-ի առիթով կազմակերպված գլխավոր միջոցառումը կայացել է մարզկենտրոն Կապանում:
Անկախության տոնը Սյունիքի մարզկենտրոն Կապանում մեկնարկեց քաղաքում տեղակայված N զորամասից, որտեղ տեղի ունեցավ զինվորական տոնական միտինգ, որին ներկա էին փոխքաղաքապետ Ռ. Սարգսյանը, Արցախյան ազատամարտի վետերաններ, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, այլ հյուրեր:
Ներկաներին շնորհավորեցին զորամասի հրամանատար գնդապետ Կ. Սերոբյանը, Առաջին բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ գնդապետ Ա.Թումանյանը, Տերունական և Պահպանիչ աղոթք կարդաց Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը, ելույթ ունեցողների մեջ էին նաև զինվորներ, պատանի երկրապահներ, Արցախյան ազատամարտի վետերաններ:
Մի շարք զինվորականներ, ազատամարտի վետերաններ, հասարակական գործիչներ զորամասից, ՀՀ պաշտպանության նախարարից, հասարակական կազմակերպություններից շնորհակալագրեր, պատվոգրեր, մեդալներ ստացան:
Այնուհետև զինվորական քայլերթն ու նվագախմբի հնչյունները տեղափոխվեցին Գ.Նժդեհի անվան հրապարակ, որտեղ ևս տեղի ունեցավ հանդիսավոր միտինգ:
Այստեղ հավաքվածներին նախ հնարավորություն տրվեց ծանոթանալ ցուցադրվող զենք-զինամթերքին, այնուհետև հնչեցին զինվորականների շնորհավորանքները:
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը ներկայացրեց մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը:
Ներկաների համար ցուցադրական ելույթներ էին պատրաստել N զորամասի հետախուզական վաշտի զինվորները:
Իսկ Բաղաբուրջի հուշահամալիրում կապանցիները հարգեցին մեր անկախությունը կերտածների հիշատակը:Մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, այլ պաշտոնատար անձինք և բազմաթիվ կապանցիներ ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին անհայտ կորած զինվորի հուշաքարին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրուն, Արցախյան ազատամարտում զոհված կապանցիների եղբայրական գերեզմանի շիրմաքարերին: Այստեղ հոգեհանգստյան կարգ կատարեց Տեր Վահանը: Տոնակատարության մասնակիցներն այցելեցին նաև Գարեգին Նժդեհի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհեցին նրա շիրմին:
Անկախության տոնի նշումը շարունակվեց Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում կազմակերպված հանդիսավոր միջոցառմամբ:
Շնորհավորելով ներկաներին՝ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը կոչ արեց տոնական այս օրը հիշել և վառ պահել նրանց հիշատակը, ովքեր մասնակցեցին մեր պետականության կերտման գործին, ում պարտական ենք անկախ երկիր ունենալու մեր հպարտության համար:
Տոնական օրը նաև հարմար առիթ էր Համահայկական վեցերորդ ամառային խաղերին մասնակցած և հաղթանակով վերադարձած կապանցի մարզիկներին մեծարելու համար: Մարզիկներին ՀՀ Սյունիքի մարզպետի անունից շնորհակալագրեր և պատվոգրեր հանձնեց մարզպետի տեղակալ Վ.Գրիգորյանը:
Քաղաքապետից խաղերի բոլոր 22 մասնակիցները և նրանց մարզիչները ստացան հուշանվերներ, իսկ 13 մեդալակիրները՝ նաև դրամական պարգև: Հանդիսությունը եզրափակվեց համայնքապետարանի կազմակերպած տոնական համերգով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-21 14:25:00