Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<ԿԱՊԱՆԻ ՕՐՎԱՆ>> ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՆ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳՈՎ

19.10.2015

 Հոկտեմբերի 17-ին Սյունիքի մարզկենտրոնում նշվեց <<Քաղաքի օրը>>: Առավոտյան Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում օրհնության կարգ կատարեց եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը: Հնչեց նաև քաղաքապետարանի մանկական երգչախմբի կատարումը: Այնուհետև Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, նրանց ուղեկցող կապանցիներն ու քաղաքի հյուրերը ծաղիկներ դրեցին Բաղաբուրջի հուշահամալիրում՝ անհայտ զինվորի հուշաքարին, Վ.Սարգսյանի կիսանդրուն և Արցախյան ազատամարտի հերոսների շիրիմներին: Հուշահամալիրում տեր Վահանը հոգեհանգստի արարողություն կատարեց:
Քաղաքի Շահումյան փողոցում մարզական մրցումների մեկնարկից առաջ քաղաքապետը հանդիսավորությամբ կտրեց տոնական մեծ տորթը. այս անգամ քաղաքապետին կից երիտասարդական խորհուրդը այն հասցրել է ոչ թե քաղաքի թաղամասեր, այլ բաժանել Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության, Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի Կապանի մասնաճյուղի, Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի, <<Առաքելություն Հայաստան>> բարեգործական ՀԿ ցերեկային կենտրոնի, <<Արծվաբույն>> տարեցների կենտրոնի միջև և տնայցերով հասցրել <<Հույսի և հավատի օջախ>> բարեգործական ՀԿ շահառուներին:
Այնուհետև անցկացվեցին կրոսավազքի և հեծանվավազքի մրցումները: Մրցանակային առանձին տեղեր էին սահմանվել աղջիկների և տղաների համար: Եղանակային պայմանների անբարենպաստ լինելու պատճառով նախապես հայտարարված մանկական բացօթյա համերգը տեղափոխվեց մշակույթի կենտրոնի փոքր դահլիճ, իսկ առավոտյան նախատեսված գեղանկարչական ցուցահանդեսը կազմակերպվեց միջօրեին՝ մանկական զբոսայգում:
Հանդիսությունը շարունակվեց Կապանի մշակույթի կենտրոնում: Միջոցառման ընթացքում շնորհավորական խոսքով հանդես եկավ Կապանի քաղաքապետ Ա.Հայրապետյանը:Շնորհավորանքի ու բարեմաղթանքի իր խոսքն ասաց կապանցիներին նաև Սյունիքի մարզպետի տեղակալ Վ.Գրիգորյանը:
Տոնի կապակցությամբ համայնքային կյանքի տարբեր ոլորտներում ավանդ ունեցած մի շարք քաղաքացիներ արժանացան շնորհակալագրերի ու պատվոգրերի:
Երեկոն եզրափակվեց Կապանի մշակույթի կենտրոնի կողմից կազմակերպված համերգով, որի ավարտին քաղաքապետարանի կանանց երգչախմբի կատարմամբ առաջին անգամ հնչեց Կապանին նվիրված նոր երգը (երաժշտությունը՝ Ռ.Ավանեսյանի, խոսքը՝ Արտեմ Վարդանյանի)

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36