Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՊԱՆԻ ԱԼ. ՇԻՐՎԱՆԶԱԴԵԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ ՆՇՈՒՄ Է 80-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ

02.11.2015

 ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը hոկտեմբերի 31-ին մասնակցել է Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառմանը: Հանդիսավոր երեկոյին ներկա էին մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, թատերական գործիչներ՝ մայրաքաղաքից:
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ շնորհակալագրեր հանձնեց մի շարք աշխատակիցների, շնորհակալություն հայտնեց նաև թատրոնի կոլեկտիվին և տնօրենին հատկապես պատերազմական տարիների գործունեության համար:
Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն իր շնորհավորանքի խոսքում նշեց, որ հոբելյանը տոն է ոչ միայն թատրոնի, այլև ողջ քաղաքի համար, և Կապանը հանրապետությունում ճանաչում են նաև մեր թատրոնով:
Մշակութային օջախը իր պաշտպանական ջոկատով մասնակցել է մարտերին, սահմանամերձ բնակավայրերում և ռազմական դիրքերում նաև հանդես եկել ներկայացումներով՝ լավատեսության ոգի ներշնչելով սահմանները պաշտպանող մարտիկներին:
Կապանի թատրոնը հիմնադրվել է 1935 թվականին, նրա կենսագրությունն սկսվել է Ալ. Շիրվանզադեի <<Չար ոգի>> ներկայացումով:Երկար տարիներ գործելով առանց սեփական տանիքի և բեմական փորձերն ու ներկայացումները կազմակերպելով տարբեր բեմերում՝ միայն 2005-ին թատրոնն ունեցավ սեփական շենքը, որը վերանորոգվելուց հետո 2009 թվականին բացեց իր դռները: Շարունակելով ավանդույթները՝ Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան թատրոնը այսօր էլ հյուրախաղերով հանդես է գալիս Հայաստանի և Արցախի զորամասերում՝ հայրենասիրության օրինակ ծառայելով շատերին:
ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը ևս եկել էր շնորհավորելու հայրենի քաղաքի թատրոնին և նշեց, որ մանկուց հենց այս թատրոնն է դաստիարակել և հայրենասիրական ոգի ներշնչել իրեն:
Նվերներ և շնորհավորանքներ, անցած տարիների ջերմ հուշեր էին բերել նաև մայրաքաղաքից ժամանած հայտնի թատերական գործիչները՝ Արմեն էլբակյան, Երվանդ Ղազանչյան, Լևոն Մութաֆյան, Ռուբեն Բաբայան և այլոք:
ՀՀ մշակույթի նախարարության <<Ոսկե մեդալի>> արժանացան թատրոնի նվիրյալներից դերասաններ Նատալյա Բաղդասարյանը և Արտավազդ Գրիգորյանը:
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, որը ժամանակին եղել է Կապանի թատրոնի գլխավոր ռեժիսորը, կարևորեց այստեղ սերնդափոխության սահուն ապահովումը՝ նկատելով, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի Կապանի կուրսը, որի ուսանողներն արդեն թատրոնի դերասանական կազմում են, հուշում է, որ թատրոնը ապագա ունի:
Եզրափակիչ՝ շնորհավորանքի և շնորհակալության խոսք ասաց թատրոնի ղեկավար ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Արզումանյանը, իսկ երեկոն ավարտվեց դերասանների պատրաստած գեղեցիկ երաժշտական համարով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36