Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԷՐ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

07.11.2015

 ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ: Նախարարին ուղեկցում էին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, <<Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի>> տնօրեն Գագիկ Խաչատրյանը, <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը:
Այցի սկզբում նախարարն այցելել է Տոլորս համայնք, զրուցել համայնքապետի և բնակիչների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին: Գյուղացիները նախարարի հետ զրույցում հատկապես կարևորել են գյուղատնտեսական մթերքների իրացման հարցը, մասնավորապես շեշտադրել մսի, կաթի մթերման ցածր գների խնդիրը, ինչպես նաև բարձրացրել մթերման դիմաց կատարվող վճարումների հարցը: Տոլորսի բնակիչներին մտահոգում էր նաև գյուղտեխնիկայի մաշվածությունը, ինչը խոչընդոտում է գյուղատնտեսական աշխատանքների ժամանակին և որակով կատարմանը։
Արձագանքելով մթերման հետ կապված հարցին` նախարարը մասնավորապես նշել է, որ ընթացիկ տարին աչքի է ընկել բերքի առատությամբ, ինչը հատկապես խաղողի մթերման հետ կապված որոշակի դժվարություններ առաջացրեց, որոնց սակայն նախարարությունը հընթացս օպերատիվ լուծումներ է տվել և արել է հնարավորը խնդիրները կարգավորելու համար: Նախարարի խոսքով` պարենային մի շարք ապրանքների (ցորեն, կաթ) ցածր գները միջազգային տենդենցներով են պայմանավորված և ժամանակավոր բնույթ են կրում:
Նախարարը հայտնել է, որ բոլոր մարզերում, այդ թվում` նաև Սյունիքում, նախատեսում են կառուցել սպանդանոցներ, որոնք կնպաստեն մսի իրացման խնդրի լուծմանը, ինչպես նաև տեղերում պետք է ստեղծվեն վերամշակման փոքր արտադրամասեր, որոնք էապես կթեթևացնեն գյուղմթերքի իրացման հոգսերը:
Հանդիպման ընթացքում համայնքի բնակիչները ցանկություն են հայտնել ընդգրկվել <<Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության>>ծրագրում, ինչը հնարավորություն կտա ջրարբիացնել հեռագնա շուրջ 1300 հա արոտները: Նախարարը նշել է, որ ծրագրի պատասխանատուներին արդեն իսկ հանձնարարված է ուսումնասիրություններ իրականացնել խնդրի առնչությամբ:
Գյուղացիների հետ զրույցում նախարար Կարապետյանը հորդորել է գյուղատնտեսական կոոպերատիվ հիմնել, ինչը թույլ կտա առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքները և կնպաստի գյուղացիների եկամուտների ավելացմանը: Նախարարի խոսքով` արդեն հանրապետությունում 100-ից ավել կոոպերատիվներ են ստեղծվել, և արդյունքները գոհացուցիչ են:
Նախարարը նաև հավաստիացրել է, որ մատչելի գներով սերմացուի, պարարտանյութի, դիզվառելիքի և սուբսիդավորվող վարկերի տրամադրման պետական աջակցության ծրագրերը ՀՀ Նախագահի հանձնարարությամբ 2016 թվականին ևս կշարունակվեն: Այնուհետև նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Սյունիքի Ծղուկ համայնքում գործող <<Բորիսովկա>> ՍՊԸ-ի պանրի արտադրամասը: Ընկերության տնօրենի տեղեկացմամբ իրենք համագործակցում են մարզի 6 համայնքների ավելի քան 150 ֆերմերների հետ, օրական վերամշակում են 9,000 լիտր կաթ, արտադրում են կարագ և 7 տեսակի պանիրներ, որոնցից 3-ը եվրոպական՝ մոցարելլա, կամամբեր, ռիկոտա։ Նրա խոսքով` առաջիկայում նախատեսում են ընդլայնել տարածքները և շուրջ երեք անգամ ավելացնել արտադրության ծավալները: Նախարարը, գոհունակություն հայտնելով կատարված աշխատանքներից, հավելել է, որ ընկերությունը կարող է մասնակցել նաև ՀՀ ԳՆ ԳԾԻԳ ծրագրի արժեշղթայի զարգացման բաղադրիչի դրամաշնորհային մրցույթին և պայմաններին բավարարելու դեպքում ստանալ մինչև 50 հազար ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ կարողությունների հզորացման, սննդամթերքի անվտանգության հարցերի բարելավման և արտահանման հնարավորությունների ավելացման նպատակով` նույն չափով ներդրում իրականացնելու պայմանով։

Աղբյուրը՝ http://minagro.am

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:58:50