Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
10.11.2015

Հարգելի գործընկերներ
Սրտանց շնորհավորում եմ համայնքների ղեկավարներին, ավագանիների անդամներին, համայնքային ծառայողներին և տեղական ինքնակառավարման համակարգի մյուս ներկայացուցիչներին տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ:
Որպես տեղական ինքնակառավարման համակարգին մոտ կանգնած և նրա հոգսերով ու խնդիրներով ապրող պաշտոնյա, կարող եմ փաստել, որ այս 19 տարիների ընթացքում Հայաստանում ձևավորված տեղական ինքնակառավարման համակարգն ընդգծված դերակատարություն ունի մեր նորանկախ պետականության կայացման ու ամրապնդման գործում և տարիների փորձով ապացուցել է իր պահանջվածությունը։
Համակարգի կայացման և նրա արդյունավետության բարձրացման կարևոր գործոններից է համայնքների բնակչության ակտիվ մասնակցությունը տեղերում ընդունվող որոշումների կայացմանը և իրականացմանը:
Համայնքների խնդիրները մշտապես գտնվում են երկրի իշխանությունների, իսկ Սյունիքի մարզի համայնքներինը՝ նաև մարզպետարանի ուշադրության կենտրոնում և տարեցտարի լուծում են ստանում։
Վստահորեն կարող եմ նշել, որ համակարգի կայացման գործում իր զգալի ներդրումն է ունեցել նաև Հայոց պետականության հենասյուներից մեկը հանդիսացող Սյունիքն՝ իր համայնքներով։
Ներկայումս շրջանառվող սահմանադրական փոփոխությունների նախագծում ներառված են նաև տեղական ինքնակառավարման համակարգի ամրապնդմանն առնչվող բարեփոխումներ։ Այս և նախատեսվող վարչատարածքային բարեփոխումները նոր խթան կհանդիսանան համակարգի հետագա զարգացման գործում։
Կրկին շնորհավորում եմ բոլորին տոնական օրվա առիթով և ցանկանում արդյունավետ աշխատանք ու նորանոր ձեռքբերումներ։
Ս.ԽԱՉԱՏՐՅԱՆ
10 նոյեմբերի 2015թ․ք.Կապան