Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՆՈՐԱՎԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐ-ԿՈԹՈՂԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

26.11.2015

 ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը նոյեմբերի 25-ին Սիսիանի տարածաշրջանի Նորավան գյուղում մասնակցել է Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակը հավերժացնող հուշաղբյուր-կոթողի բացման արարողությանը: Հուշաղբյուր-կոթողի բացման պատիվը տրվեց զոհված աղատամարտիկ Մանվել Դոլուխանյանի այրի Դշխուհի Դոլուխանյանին և զոհված ազատամարտիկ Գրիգոր Բաղդագուլյանի մորը:
Ներկա էին հարյուրավոր համագյուղացիների, զինվորականներ, հյուրեր:
Իր ողջույնի և շնորհավորանքի խոսքում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը նշեց, որ երկհազարամյա մեր պատմության ընթացքում շատ արյուն ենք հեղել, շատ զոհեր ենք տվել, բայց` անարդյունք: «Արցախյան հերոսամարտը, սակայն, կարծես թե առանձնահատուկ խմբագրում էր ողջ հայության համար: Արցախյան ազատամարտում կարողացանք լինել վրեժխնդիր, կարողացանք մեր երկհազարամյա պատմության պատասխանը տալ, կարողացանք ձեռք բերել անկախություն, որը մեր պապերի դարավոր երազանքն էր, և այս պատերազմի թեժ օրերին պատերազմի բոցերի մեջ կարողացանք ստեղծել հայոց ազգային բանակ, որով հպարտանում ենք և դեռ հպարտանալու ենք: Այս ճանապարհին մենք կորցրեցիքն նաև մեր մարտական ընկերներին, որոնց համար այսօր ցավում ենք, նաև` հպարտանում: Հպարտ ենք, որ ունեցանք հերոսական պատմություն, շնորհակալ ենք նրանց ծնողներին, որ ունեցան այդպիսի հայրենասեր ու հերոս զավակներ: Արցախյան հերոսամարտը շտկեց հայոց ազգի ողնաշարը: Արցախյան հերոսամարտը մեզ էլ ավելի ճանաչելի դարձրեց աշխարհում: Արցախյան հերոսամարտը մեզ տվեց մի նոր պատմություն, որով կարողացանք շրջել մեր պատմության անիվը»,-ասաց նա:
Համայնքի ղեկավար Սլավիկ Պապյանը նշեց, որ գյուղում հուշարձանի կառուցումը մեկ նպատակ ունի` անմար պահել մեր զոհված տղաների հերոսական ոգին մեր ժողովրդի հիշողության մեջ, հավելելով, որ
Արցախյան ազատամարտում, ի թիվս մեր հազարավոր նահատակների, իրենց կյանքը հայրենիքի զոհասեղանին են դրել նաև 6 քաջ նորավանցիներ` Գուրգեն Առաքելյանը, Մանվել Դոլուխանյանը, Գրիգոր Բաղդագուլյանը, Կամո և Սպարտակ Հակոբջանյանները և Բաքվից տեղահանված ու Նորավանում հաստատված Ալբերտ Ազարյանը:
Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հայ Մակար վարդապետ Հակոբյանը. օծելով նորաբաց հուշաղբյուրը, շնորհ, սեր, խաղաղություն մաղթելով ներկաներին` իր խոսքում մասնավորապես նշեց, որ այսօր մենք հիշում ենք մեր նահատակներին, և փառք աստծո, որ չենք մոռացել նրանց քաջագործությունները:
Իր ողջույնի խոսքում արցախյան պատերազմի հրամանատար Աշոտ Մինասյանը շնորհակալություն հայտնեց Նորավանի ողջ բնակչությանը, իր զինակից ընկերներին, համայնքի ղեկավար, ազատամարտիկ Սլավիկ Պապյանին, որ իրականություն դարձրեցին հուշաղբյուր-կոթողը:
Միաժամանակ հենց հուշաղբյուր-կոթողի հարևանությամբ գտնվող մանկապարտեզի նախկին շենքը վերակառուցելու ու նորավանցի 27 երեխաների համար գործող մանկապարտեզ դարձնելու խնդրանքով դիմեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, ինչն անմիջապես դրական արձագանք ունեցավ:
4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանն իր խոսքում նշեց, որ մեր ժողովրդի հերոսական ոգու, արցախյան պատերազմում անհավասար ուժերի պայմաներում տարած մեր հաղթանակի և մարտունակ ու հզոր բանակի մասին:
Իսկ զոհված ազատամարտիկ Մանվել Դոլուխանյանի այրի Դշխուհի Դոլուխանյանը նշեց, որ հուշաղբյուրը սփոփանք է իրենց համար, որ հայրենիքը չի մոռանում իր նահատակներին և հավերժացնում է նրանց հիշատակը:
Հուշաղբյուրի բացման հադիսությունն ուղեկցվեց Նորավանի դպրոցի աշակերտների պատրաստած գեղարվեստական կատարումներով:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այցելեց ազատամարտիկ Աշոտ Քարամյանի տուն, որը վթարային վիճակում է: Պատերն իրարից հեռացել են մոտ 20 սմ: Երկու ընտանիքի համար նախատեսված մյուս բնակարանից էլ զոհված ազատամարտիկի ընտանիքն արդեն տեղափոխվել է: Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հավաստիացրեց մասնագետների խումբ ուղարկել` խնդիրն ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրելու և լուծումներ գտնելու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24