Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ <<ԳՈՐԾԸՆԹԱՑ>> ԹԵՐԹԻՆ

30.12.2015

 ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ` ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԻՉ
ՍՅՈՒՆԻՔ. արդիականացումներ, ներդրումներ,
սպասված լուծումներ

Ամանորին ընդառաջ Սյունիքի մարզում ամփոփում են 2015թ. աշխատանքային գերհագեցած տարին: Ավարտուն և ընթացիկ ծրագրերի, ազդարարվող նոր լուծումների շուրջ հարցազրույց ունեցանք Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ: Կատարված աշխատանքներին հանրության արձագանքը որոշակի արտացոլված է նաև տարեվերջյան ամսվա՝ դեկտեմբերի հետ համընկած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքում, որը Սյունիքում արձանագրել է առաջատար ցուցանիշներ՝ մասնակցության 61,1% և <<Այո>>-ների 71,6% գերակշռություն: Ըստ լայն տարածված տեսակետի՝ հանրաքվեի արդյունքը նաև ցուցիչ է իշխանության հանդեպ վստահության, միաժամանակ արտահայտում է հանրության վերաբերմունքը, տվյալ դեպքում՝ մերժումն այն ոչ իշխանականների, որոնք հանրօգուտ գործի փոխարեն տարված են իրենց քաղաքական նկրտումներով:
<<Գործընթաց>>- Հանրությանը տեսանելի են որոշ գործիչների հրապարակավ ընդգծված քաղաքական և անձնավորված շահերը, որ ունենալով հետևորդների խնդիր իրենց իսկ համայնքում, հայացքները սևեռում են դեպի սահմանամերձ Սյունիք: Այստեղ պահանջվում է քաղաքական կայունության պահպանում և այդ դիմակայությունը Դուք հաջողում եք Ձեր ավելի քան 20 տարվա քաղաքական փորձով, միաժամանակ ավելի հաճախ ու տեմպով է մարզն արձանագրում արդյունքներ, ձեռքբերումներ: Որո՞նք են ներկա պահին ամփոփված 2015թ. իրագործված և ընթացիկ ծրագրերը:
Ս. Խաչատրյան- Մարզում այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին թողարկվել է 131,706,7 մլն դրամի արդյունաբերական արտադրանք, որը հանրապետությունում արտադրվածի 13,9%-ն է, նախորդ տարվա նույն շրջանի հետ համեմատ աճի տեմպը կազմել է 104,6%: Ընդ որում՝ հանքարդյունաբերության և բացահանքերի շահագործման արդյունաբերական աճի տեմպը կազմել է 106,1%, մշակող արդյունաբերությանը՝ 83,6%, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարմանը՝ 104,4%, ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակմանը՝ 103,4%: Նույն ժամանակահատվածում կապիտալ ներդրումները կազմել են 14,374.6 մլն դրամ, որը հանրապետությունում իրականացված կապիտալ ներդրումների 5,6%-ն է, նախորդ տարվա համեմատ՝ 118%-ը: ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից մարզին հատկացվել է 300 մլն դրամ Կապան, Գորիս, Սիսիան քաղաքներում, Վերին Խոտանան համայնքում, ևս 4 համայնքում մի շարք հրատապ խնդիրների լուծման համար: 2015թ.-ին մարզում ճանապարհաշինության ոլորտում ներդրումների աճը 2014թ.-ի համեմատ կազմել է 262,1 մլն դրամ (15%): ՀՀ պետբյուջեի միջոցներով հիմնանորոգումներ են կատարվել Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Կապան-Մեղրի-Իրանի սահման հատվածում: 2015թ-ին ՀԲ ֆինանսավորմամբ հիմնանորոգվել է Մ-2-Շաքի-Սիսիան-Տոլորս-Բնունիս-Տորունիք-Դաստակերտ հանրապետական նշանակության 26 կմ ճանապարհը, որն ունի կենսական նշանակություն տեղի 1000-ավոր բնակիչների համար: Ամիսներ առաջ նրանց խնդրանքը փոխանցել էի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ունենք արդեն հիմնանորոգ ճանապարհներ: Գյուղատնտեսության աջակցման և ռեսուրսների զարգացման ծրագրերով 2015թ.-ի գարնանացանի համար գարու, առվույտի և կորնգանի սերմացու է տրամադրվել 145 համայնքի. պահանջարկը բավարարվել է: Աշնանը հատկացվել է 800 տ. սերմացու, որով կկատարվի 4000 հա ցանքս: Պետական աջակցության ծրագրով 2015թ.-ին մարզին հատկացվել և բաշխվել է ազոտական պարարտանյութ՝ 83 համայնքի, 100-ից ավելի շահառուների՝ կալիումական, ֆոսֆորական պարարտանյութ, դիզվառելանյութ: Նոյեմբերի 13-ի դրությամբ պտուղ-բանջարեղենի մթերումները գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը: Մարզում <<Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության>> ծրագրի շրջանակում ընդգրկվել է 17 համայնք՝ Ակներ, Վերիշեն, Խնածախ, Խոզնավար, Խնձորեսկ, Վաղատուր, Քարաշեն, Տաթև, Հարժիս, Ծղուկ, Գորայք, Տեղ, Շաքի, Սպանդարյան, Բռնակոթ, Անգեղակոթ, Ախլաթյան՝ ստանալով գյուղտեխնիկայի և այլ աջակցություն: 2015թ. ՀՏԶՀ-ի միջոցներով ավարտին է հասցվել Ագարակ քաղաքի արվեստի դպրոցի վերակառուցումը: Առողջապահական կառույցներից ՀԲ-ի աջակցությամբ արդիականացվել է Կապանի բուժկենտրոնը, հագեցվել արդի գույքով, բուժսարքերով: Տարեվերջին կավարտվի Մեղրու տարածաշրջանային բուժկենտրոնի նոր համալիրի կառուցումը: 2000-2015թ. ընթացքում ՀԲ-ի միջոցներով ամբուլատորիաներ են կառուցվել Կապան, Նորաշենիկ, Շիկահող, Բռնակոթ, Տեղ համայնքներում, Կապան և Գորիս քաղաքներում հիմնանորոգվել առկա շինությունները: Մարզում առողջապահական որոշ կադրերի կարիք կա՝ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, վիրահատող մանկաբարձ-գինեկոլոգ, համաճարակաբան, էնդոկրինոլոգ, հոգեբույժ, ֆթիզիատր: Սոցփաթեթով նախատեսված շահառուների 71.2%-ը հետազոտվել է մարզի բուժհաստատություններում:
2015թ. մարզի Շինուհայր գյուղում մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ վերանորոգվում է վթարային բազմաբնակարան շենքը՝ ապահովելու անվտանգությունը 10-նյակ ընտանիքների:
Մարզի տնտեսության մեջ ներդրումները շարունակվում են. 2016թ. ապրիլին կավարտվի Սյունիք գյուղում պահածոների գործարանի կառուցումը, որ կապահովի մոտ 200 աշխատատեղ: Ի դեպ, հենց մարզի արդյունաբերության ոլորտում է զբաղվածների գերակշիռ մասը: Իսկ հանքարդյունաբերությունը, որ շարունակում է կրել մետաղի միջազգային գնանկման բացասական հետևանքները, պետական բյուջեում ծանրակշիռ ավանդ ունի: Խնդրի հաղթահարման համար մակրո և միկրոմակարդակներում խորհրդակցություններ են արվում, պետությունը պատրաստ է օժանդակելու:
Սահմանամերձ Մեղրի և Ագարակ համայնքների համար սոցիալական նշանակության գազաբաշխման ցանցի կառուցումը շուտով կվերսկսվի: Շարունակվում է անհրաժեշտ սարքավորումների, նյութերի տեղափոխումը Հայաստան: Մարզի Խոզնավար և Վաղատուր համայնքներում էլ շուտով կմեկնարկի գազամատակարարումը: 2015թ. մեծածավալ ներդրումներ են կատարվել մարզի էներգահամակարգում՝ Գորիսում, նաև Մեղրիում, ուր կառուցվում է ՀԷԿ: Ենթակառուցվածքների ապահովումն, անշուշտ, խթանում է մարզում տուրիզմի զարգացմանը:
<<Գործընթաց>>- Վերջին տարիներին մարզ այցելելիս առավել նկատելի է օտարերկրյա և տեղացի զբոսաշրջիկների հոսքը Սյունիք, նրանց հիացնում է լեռնաշխարհը, Տաթևի հրաշագեղ տեսարանը ճոպանուղուց, ընդհուպ Մեղրի վայելում են մարզի բարիքները: Մարզի զբոսաշրջության զարգացմանն ի նպաստ ի՞նչ քայլեր են իրականացվում:
Ս. Խաչատրյան- Սյունիքի զբոսաշրջային գրավչությունը յուրահատուկ է. բնաշխարհը, պատմամշակութային հնագույն հուշարձանները, պահպանված կոլորիտը, էկոլոգիապես մաքուր, առողջարար բնամթերքը՝ սկսած պտուղ-բանջարեղենից մինչև կաթնամթերք, մսամթերք, մեղր, ընդեղեն, ավանդական ուտեստները, կենցաղը, արհեստն ու արվեստը, ավանդույթ դարձած <<Գորիսյան օրեր>>, <<Ոչխարների խուզում>> միջոցառումները, փառատոները, բարձրակարգ հյուրանոցները՝ մատչելի, զբոսաշրջիկներին այստեղ են բերում: Զբոսաշրջային էքսպոներում մեր մարզի տաղավարը միշտ ուշադրության կենտրոնում է: Վերջերս նաև հարկային արտոնություն տրվեց փոքր զբոսաշրջային տներին: Մարզկենտրոն Կապանում լուսաձայնային շատրվաններով կառուցապատված, բարեկարգ հրապարակը, նաև կառուցվող հյուսիս-հարավ ճանապարհը նույնպես մեծ հեռանկարներ են բացում այս ոլորտում: 2015 թ.-ին միայն դեպի Տաթև ունեցել ենք մոտ 350 հազար զբոսաշրջիկ, ոլորտի զարգացումը կբերի տուրիստների թվի կրկնակի աճ:
<<Գործընթաց>>- Առջևում Ամանորն է, խնդրեմ, Ձեր բարեմաղթանքը:
Ս. Խաչատրյան- Շնորհավորում եմ բոլոր սյունեցիներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ, որ յուրաքանչյուրի օջախում թագավորի փոխադարձ սերը, հաջողությունն ու աշխատանքային կորովը: Համոզված եմ, որ գալիք 2016 թ. նույնպես սյունեցին շարունակելու է հաղթանակներով լի պատմության ուղին` ապրելով, հաղթելով ու արարելով: Բարիքների առատություն, բարձր տրամադրություն և սեր բոլորիս ընտանիքներին: Թող 2016 թ. Սյունիք աշխարհին, Հայաստան երկրին ու համայն հայությանը բերի հաջողություն, խաղաղություն ու արևշատություն: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
<<ԳՈՐԾԸՆԹԱՑ>> թերթ,
Ինարա Դանիելյան

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36