Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԳԱԼԻՔ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՏԱԹԵՎԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ

31.12.2015

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ Տաթևի վանական համալիրում դեկտեմբերի 31-ին հավաքվել էին Սյունիքի մարզի մարզային իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները, Հայաստանի զինված ուժերի 1-ին բանակային կորպուսի ներկայացուցիչները, ինչպեսև, Հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի բարձրաստիճան հոգևորականները:
Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցում մատուցվեց պատարագ և հայրապետական մաղթանք՝ գլխավորությամբ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանի: Հավաքվածները միասնական աղոթք բարձրացրեցին առ աստված:Այնուհետև բարեխոս ունենալով Տաթևի վանքում ննջող Սուրբ Գրիգոր Տաթևացուն, ինչպեսև Սյունյաց աշխարհի զավակներ Սուրբ Հովհան Որոտնեցուն ու Սուրբ Մովսես Խոտանանցուն, խնդրում էին, որ Տերը օրհնություն բաշխի հայ ժողովրդին, խաղաղություն պարգևի Հայաստանին ու Արցախ աշխարհին, որ ավելի զորանա ու ամրապնդվի հայոց նոր պետականությունը:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, շնորհավորելով ներկաներին տոների կապակցությամբ, իր խոսքում նշեց.
<<Արդեն ավանդույթ է դարձել Տաթևի աստվածահաճո տաճարի այս սուրբ կամարների ներքո հին տարվա հրաժեշտը և նոր տարվա դիմավորումը, ինպես նաև հավաքվելն ու անցնող տարվա ամփոփումը: Այս սրբավայրում մեղքերի թողություն կատարելուց և ինքնամաքրվելուց հետո հզորանանք, որպեսզի հաջորդ տարի պատրաստ լինենք էլ ավելի աշխատելու ու ծառայելու Սյունյաց աշխարհին: Դարեր շարունակ Սյունիքի ճակատագիրը որոշվել է հենց այս կամարների տակ, և մեր իշխաններն ու հոգևոր այրերը միասնական են որոշել Սյունիքի ճակատագիրը: Մենք այդ ավանդույթը արդեն իսկ վերականգնում ենք: Սյունիքի հաջողությունը եղել է այն, որ Սյունիքում ուժն ու միտքը միշտ միասնական են եղել: Դրա համար Սյունիքը ունեցել է մեծ հաջողություն և կարողացել է հայրենի եզերքը ամուր պահել: Ես ուզում եմ, որ այս ավանդույթը կարողանանք շարունակել և ուխտել՝ մեր ժողովրդին ծառայելու ենք սիրով և խոնարհաբար: Փառք ու պատիվ Սյունյաց աշխարհին ու ժողովրդին>>:
<<Մենք տարին սկսում ենք Տաթևի վանքից, որովհետև Տաթևի վանքը Սյունյաց աշխարհի սրբության սրբոցն է, այստեղ է հանգչում Սուրբ Գրիգոր Տաթևացու մարմինը, որը մեզ համար լուսավորիչն է և այստեղ գալով ու մեր հայրերի օրհնությունը վերցնելով՝ մուտք ենք գործում եկող նոր տարի, որպեսզի կարողանանք ավելի մաքուր, ազնիվ և շիտակ ծառայել մեր ժողովրդին>>,- նշեց Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանը:
Սյունեցիներին ու համայն հայության տոները շնորհավորեցին նաև 1-ին բանակային կորպուսի հրամանատար Տիգրան Փարվանյանը, տեղական ինքնակառավարման մարմիների ղեկավարներ և պետական այլ այրեր:
Հանդիպման ավարտին Տաթև համայնքի զարգացմանը աջակից լինելու համար ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն արժանացավ Տաթև համայնքի պատվավոր քաղաքացու կոչմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36