Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է 1-ԻՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ

15.01.2016

Հունվարի 14-ին 1-ին բանակային զորամիավորումում կայացած ռազմական խորհրդի նիստում ամփոփվել են 2015 թվականի ուսումնական տարում կատարված աշխատանքները, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Նիստին մասնակցել է նաև ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ Հաշվետու զեկույցներով ու ելույթներով հանդես են եկել զորամիավորման հրամանատարը և նրա տեղակալները։ Զեկուցողները հաջորդաբար ներկայացրել են զորամիավորումների մարտական պատրաստության, զինվորական կարգապահության, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը, առկա խնդիրներն ու բարելավման ուղիները, ինչպես նաև մարտական հերթապահության կազմակերպումն ու իրականացումը։ Անդրադարձ է եղել մարտական պատրաստության ուղղությամբ կազմակերպված միջոցառումներին, վարժանքներին ու տարաբնույթ զորավարժություններին, դաստիարակչական, կարգապահության ամրապնդմանն ուղղված խնդիրներին, միջանձնային հարաբերություններին, երբեմն արձանագրվող անցանկալի երևույթներին և այդ ուղղությամբ իրականացվող կանխարգելիչ միջոցառումներին: Զորամիավորումներում շարունակվել են մարտական ու զորահավաքային պատրաստականության, մարտական պատրաստության, զինվորական կարգապահության մակարդակի բարձրացման, սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման աշխատանքները: Իրականացվել են մարտական հերթապահության բարելավման կարևոր գործողություններ։ Երկու զորամիավորումներում էլ 2015 թվականի ընթացքում իրականացվել են ուսումնական ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը նշել են, որ այն դրական դրսևորումները, որոնք արձանագրվել են տարվա ընթացքում պետք է լինեն ուղենիշ, իսկ որոշակի բացթողումները շտկելու ուղղությամբ հետևողական աշխատանք է պահանջվում:
Ամփոփելով ռազմական խորհրդի նիստերի արդյունքները, Սեյրան Օհանյանը նշել է, որ բարձրացված բոլոր հարցերն անմիջականորեն առնչվում են բանակի մարտունակությանը: Բանակն իր խնդիրը կատարում է՝ առաջին հերթին ամուր պահելով սահմանների անառիկությունն ու ապահովելով մեր ժողովրդի անվտանգությունը:
Նիստերի ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը տվել է համապատասխան ցուցումներ որոշ թերացումներն ու բացթողումները վերացնելու համար, միաժամանակ նախանշել մի քանի ուղղություններ, որոնց հիման վրա պետք է աշխատանքներ տարվեն։
Ռազմական խորհրդի նիստերի ընթացքում մարտական պատրաստության բարձր մակարդակի և բարեխիղճ ծառայության համար մի շարք զինծառայողներ արժանացել են պարգևների։
Նախարարի կողմից հուշանվերներով պարգևատրվեցին նաև ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, մարզպետարանի, զինկոմիսարիատների, հասարակական կառույցների աշխատակիցներ, Գորիսի և Կապանի քաղաքապետերը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24