Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է <<ՍՅՈՒՆՅԱՑ ԵՐԿԻՐ>> ԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ԾՆՆԴՅԱՆ 60-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

26.01.2016

Երբ մեկին ցանկանում ես շնորհավորել հոբելյանի առթիվ, ակամա փորձում ես մտաբերել, թե երբվանից ես ճանաչում, քանի տարվա մտերիմ-ծանոթ ես: Սամվել Ալեքսանյանին ճանաչում եմ 1970-ական թվականներից, երբ վերադարձա խորհրդային բանակից: Առիթի բերումով ժամանակ առ ժամանակ շփվել ենք: Շփումներն առավել հաճախակի դարձան, երբ 1980-ականների վերջից սկսեց խմբագրել
<<Զանգեզուր>> շրջանային թերթը: Պիտի ասեմ, որ բարդ ժամանակաշրջանում նա ստանձնեց խմբագրի պաշտոնը: 1988-ի դեկտեմբերի 7-ին Հայաստանին պատուհասեց երկրաշարժը, արդեն սկսվել էր Հայոց համազգային շարժումը, այնուհետև խորհրդային կայսրությունը փլուզվեց: Ահա այդ դժվարին ժամանակաշրջանում <<Զանգեզուր>> թերթը լույս էր տեսնում և դարձավ այդ ժամանակաշրջանի տարեգիրը:
Դժվար է գերագնահատել տպագիր մամուլի դերը: Եթե խոսում ենք թերթի մասին, հիշում եմ Շուշին, որտեղ նախախորհրդային տարիներին երկու տասնյակից ավելի թերթ ու հանդես էր լույս տեսնում: Դա մեկ դար առաջ էր, իսկ այժմ՝ մեր օրերում շատ-շատերը թերթը, որպես այդպիսին, փորձեցին դարձնել բիզնեսի միջոց, շատերն էլ իրենց սկզբունքներին հավատարիմ մնացին, որոնցից մեկը ինձ համար Սամվել Ալեքսանյանն է: Նրա խմբագրած թերթի ընթացքը չընդհատվեց, թեպետ շատ փորձություններ տեսավ: Շատ բան երբեմն պայմանավորված էր անձնական հարաբերություններով, ինքն էլ երբեմն տուժեց այդ հարաբերություններից, բայց կարողացավ իր սկզբունքներին հավատարիմ մնալ:
Ուզում եմ հատկապես նշել նրա խմբագրած <<Սյունյաց երկիր>> թերթի գործունեության մասին, որ 12 տարի է ընդգրկում, բայց հսկայածավալ աշխատանք կատարեց: Իր փոքրիկ թիմով ներկայացրեց արժեքներ, որոնք վաղուց մոռացված էին: Խոսքս Սյունյաց ոստաններին, Սյունիքի երևելի դեմքերին (և ոչ միայն) նվիրված թերթի հատուկ թողարկումների մասին է, որոնք ժամանակ առ ժամանակ դրվում են ընթերցողի սեղանին: Եթե այսօր էլ չհիշենք Սյունյաց պատմությունը կերտողներին, վաղն անդառնալիորեն ուշ է լինելու: Եվ այսօր դրանք այցեքարտի արժեք ունեն: Ուշագրավն այն է, որ այդ հատուկ համարներում հանդես են գալիս հանրապետությունում ճանաչված գիտնականներ, պատմաբաններ, գրականագետներ, դրանից զատ՝ այդ համարները լայն արձագանք են ունենում գիտական հանրության կողմից, քանզի այն ամենը, ինչ ներկայացվում է դրանցում, արվում է պատշաճ մակարդակով (նաև գիտական):
Եվ հենց սրանով է Սամվել Ալեքսանյան անձն ու գործն արժևորված ինձ համար և շատ-շատերի: Այսօր, հավատացած եմ, մարզերում նման հետեւողականությամբ թերթ պահող չկա: Նաև ուզում եմ նշել, որ այս տարի լրանում է մարզային կառույցների, մարզպետարանի ստեղծման 20-ամյակը, և հենց Սամվել Ալեքսանյանի ջանքերի շնորհիվ ստեղծվեցին մարզային պարբերականները՝ <<Սյունիք>> պաշտոնաթերթը, <<Սյունիքի ղողանջներ>> ռադիոն, <<Ձագեձոր>> հեռուստատեսությունը: Եվ նորից եմ կրկնում՝ նրա համար երբեք հեշտ չի եղել, բազում խոչընդոտներ հաղթահարելով է անցել իրեն բաժին հասած ճանապարհը և հավատարիմ մնացել իր կոչմանը: Դա անչափ կարևոր է:
Ուրեմն եկեք ողջունենք և շնորհավորենք նրա ծննդյան 60-ամյակը: Ի սրտե մաղթենք առողջություն, իր ընտանիքին՝ արևշատություն: Ցանկությունս այն է, որ գրչի մարդիկ Սամվել Ալեքսանյանի նման լինեն և նույնքան նախանձախնդիր, որքան նա է, տպագիր մամուլի պահպանման գործում:
ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀՀ Սյունիքի մարզպետ

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36