Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-ի` ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
07.03.2016

Սիրելի՚ կանայք, մայրեր, դուստրեր,
Ջերմ մաղթանքներով, խորին հարգանքով ու ակնածանքով շնորհավորում եմ ձեզ գարնանային այս լուսավոր ու բերկրալից տոնի՝ Մարտի 8-ի կապակցությամբ:
Տոնն իր մեջ ներառում է կյանքի հավերժության ու վերածննդի խորին խորհուրդը, քանի որ այն նվիրված է ձեզ՝ մեր սիրելի’ մայրեր, կանայք, քույրեր ու դուստրեր:
Հայ ժողովրդի համար կանանց տոնն ունի խոր հոգեբանական մեկնություն ու յուրահատուկ համամարդկային արժեք: Մեր ժողովուրդն իր երկարամյա պատմության ընթացքում հայ կնոջ մեջ է տեսել ազգի հարատևությունն ու ընտանեկան սուրբ օջախի պահպանման ու բարեկեցության գրավականը:
Անգնահատելի է սյունեցի կնոջ դերակատարությունը ընտանիքի ամրության, հայ ժողովրդի ստեղծած հոգևոր ու նյութական արժեքների արարման ու պահպանման գործում: Անփոխարինելի է նրանց մերօրյա ավանդը կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության, երկրի պաշտպանության և այլ ասպարեզներում:
Տոնական այս օրերին մաղթում եմ ձեզ բարեկեցություն, առողջություն, երջանկություն և ընտանեկան ջերմություն:
Թո՚ղ ժպիտն ու բարեմաղթանքներն ուղեկցեն ձեզ տարվա բոլոր օրերին և իրականանան ձեր նվիրական երազանքներն ու ցանկությունները:
ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյան