Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԷՐ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

16.03.2016

  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին աշխատանքային այցով Սյունիքում էր: Նախարարի Գորիսում անցկացված խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վլադիմիր Նարիմանյանը, <<Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ>> ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը,  <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, գյուղատնտեսներ, համայնքապետեր և ոլորտի այլ պատասխանատուներ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ ընթացիկ խնդիրներ:
<<2015 թվականի տարեկան արդյունքներով մեր երկրի գյուղատնտեսական համախառն արտադրանքի մոտ 7 տոկոսն ապահովել է Սյունիքի մարզը, ինչը զգալի ներդրում է: Նախորդ տարի մարզում շուրջ 1500 հեկտար լրացուցիչ հող է մշակվել, 700 հեկտարով ավելացել են աշնանացանի ցանքատարածությունները: Բոլոր նախադրյալներն առկա են, որպեսզի այս տարի նույնպես մարզը բարձր ցուցանիշներ ապահովի: Համոզված եմ, որ համատեղ ուժերով մենք նոր ձեռքբերումներ ենք ունենալու>>, - ամփոփելով անցյալ տարվա ցուցանիշները` նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը:
Անդրադառնալով <<Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության>> ծրագրին` նախարարը նշել է, որ առաջին ծրագրում նախատեսված 10 համայնքի փոխարեն մարզից ընդգրկվել է 14 համայնք, երկրորդ ծրագրի մեջ արդեն ներգրավված է 20 համայնք: Այս ծրագրի շնորհիվ մարզում ավելացել է անասնագլխաքանակը, մթերատվությունը, բարելավվել են ջրարբիացման համակարգերը: Նախարարը տեղեկացրել է, որ պարարտանյութերի, դիզվառելիքի, սերմերի տրամադրման պետական աջակցության ծրագրերի շրջանակում մարզերի պահանջարկն ամբողջությամբ բավարարվել է. դրանք արդեն իսկ ներկրվել են և առաջին իսկ պահանջի դեպքում կտրամադրվեն հողօգտագործողներին: Բացի այդ, մարտի 9-ից սկսվել է նաև գյուղատնտեսական սուբսիդավորվող վարկերի տրամադրումը, և ցանկացողները կարող են հայտեր ներկայացնել <<Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկի>> մասնաճյուղերին: Նախարարն իր խոսքում առանձնակի կարևորել է նաև մարզում կոոպերատիվների շարժման խթանումը: <<Կոոպերատիվները մեր գյուղատնտեսության զարգացման ապագան են, եվրոպական զարգացած երկրներում դրանք հարյուրամյակների պատմություն ունեն և այսօր ապահովում են գյուղատնտեսական համախառն արտադրանքի գերակշիռ մասը: Կոոպերատիվների մեջ միավորվելով` մեր փոքր գյուղացիական տնտեսությունները կարողանալու են կրճատել իրենց ծախսերը, դյուրացնել ապրանքների իրացման խնդիրները, շահավետ գներով վաճառել ստացված արտադրանքը, ինչն էլ կհանգեցնի եկամուտների ավելացմանը>>, – իր խոսքում ընդգծել է Սերգո Կարապետյանը: Նախարարը հավելել է, որ <<CARMAC 2>> ծրագրով նախատեսվում է ստեղծել ևս 100 կոոպերատիվ, արդեն իսկ 150 կոոպերատիվներ գործում են, որոնք բավականին լավ արդյունքներ են ապահովում:Կոոպերատիվների զարգացմանն են ուղղված նաև Եվրամիության <<Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական շրջանների զարգացում>> (<<ENPARD>>) ծրագիրը, Ավստրիայի զարգացման գործակալության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող մի շարք ծրագրեր: Անդրադառնալով մարզի խնդիրներին` նախարարը հատկապես կարևորել է գյուղմթերքի իրացման խնդիրը` հավելելով, որ մսի իրացման հարցը լուծելու նպատակով նախատեսվում է մարզում կառուցել խոշոր սպանդանոց, առաջիկայում Կապանում շահագործման կհանձնվի նոր վերամշակող գործարան: Իր հերթին Վլադիմիր Նարիմանյանն անդրադարձել է ոռոգմանն առնչվող հարցերին` ընդգծելով, որ կատարվում են նախապատրաստական աշխատանքներ համակարգը կարգի բերելու և ապրիլի 1-ից ջրամատակարարումը սկսելու նպատակով: Խորհրդակցության ավարտին գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարի ոսկե մեդալով են պարգևատրվել Սառնակունք համայնքի ֆերմեր Սուրեն Վարդանյանը և Արծվանիկ համայնքի ղեկավար, ֆերմեր Անուշավան Հարությունյանը, իսկ մի խումբ գյուղացիական ու ֆերմերային տնտեսությունների և ագրովերամշակման ոլորտի ներկայացուցիչներ արժանացել են շնորհակալագրերի: Այնուհետև նախարարը ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ուղեկցությամբ ուղևորվել է Ակներ համայնք, որտեղ հանդիպում է ունեցել տեղի կոոպերատիվի անդամների հետ, որը ստեղծվել է շուրջ 4 տարի առաջ: Նրանք նախարարի հետ զրույցում նշել են, որ գոհ են կոոպերատիվի գործունեությանից և տեսնելով այդ արդյունքները` համայնքի բնակիչներից շատերը նույնպես անդամագրվելու ցանկություն են հայտնել: Ակների կոոպերատիվն այժմ ունի 131 անդամ: Նախարարը շեշտել է, որ այսուհետ պետական աջակցության ծրագրերն ուղղվելու են գյուղատնտեսական կոոպերատիվների հզորացմանն ու զարգացմանը: Նախարարի հաջորդ կանգառը Հարթաշեն համայնքում էր, որտեղ նա մասնակցել է նորաստեղծ կոոպերատիվի հիմնադիր ժողովին: Այցի ավարտին նախարարը եղել է նաև Տեղ համայնքի կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող <<Արարատ Բաբաջանյան>> ընկերությունում: Այն հիմնադրվել է 2011թ-ին, հիմնական արտադրատեսակը Չանախ տեսակի պանիրն է, որն իրացվում է ներքին շուկայում: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ընկերությունը կներառվի տեղի կոոպերատիվի կազմում, և <<CARMAC 2>> ծրագրով կտրամադրվեն նոր սարքավորումներ, ինչը կլուծի համայնքի կաթի իրացման խնդիրը և հնարավորություն կտա ընդլայնել արտադրվող պանրի տեսականին
Աղբյուրը` http://minagro.am/

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36