Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՅԱՑԵԼ Է ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ

22.03.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Սյունիքի մարզխորհրդի այս տարվա առաջին նիստը, որը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:Նիստին մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները, մարզի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարները և այլոք:
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի 2015թ. գործունեության և մարզի սոցիալ-տնտեսական վիճակի մասին զեկուցումով հանդես եկավ ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը: Հաշվետվությունն ընդգրկում էր մարզպետարանի գործունեության կազմակերպման ընդհանուր, տարածքային կառավարման ու համայնքային, ֆինանսական, արդյունաբերական, առևտրի, քաղաքաշինական, տրանսպորտի, ճանապարհաշինական, գյուղատնտեսական, առողջապահական, կրթական և այլ հարցերում առկա ձեռքբերումներն ու բացթողումները:
Գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի և խնդիրների մասին ներկայացրեց ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը: Նշվեց, որ բարձր թեքությունների, հողատեսքերի կտրտվածության և գյուղատնտեսական տեխնիկայի մաշվածության հետևանքով մարզում առկա 43,8հազ.հա վարելահողերից չի մշակվում մոտ 6800հա ցանքատարածություն: Մարզում գարնանացանի աշխատանքները մեկնարկել են. նախատեսվում է կատարել 4950 հա գարու, 95 հա ցորենի, 3800 հա այլ հացահատիկային մշակաբույսերի գարնանացան, 1200 հա բանջարեղենի, 1850 հա կարտոֆիլի ցանքս:
Մարզին շուկայականից էժան գներով հատկացվել է 750000 լ դիզվառելիք, 2200տ ազոտական, 80տ ֆոսֆորական, 80տ կալիումական պարարտանյութ, 250 տ գարնանացան գարու, 3 տ առվույտի և 50 տ կորնգանի սերմացու: 2016թ-ի գարնանը մկնանման կրծողների դեմ 7 համայնքների 1500հա ցանքատարածությունների վրա պայքարելու նպատակով հատկացվել է 120կգ թունանյութ: Այս տարի մարզում ավելացել է անասունների գլխաքանակը: Խոշոր եղջերավոր անասունների աճը կազմել է 4.6%, մանրինը` 9.6%:
ՀՀ Սյունիքի մարզի 2014-2017թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի 2015թ. տարեկան աշխատանքային պլանի կատարման և 2016թ. անելիքների մասին զեկուցումով հանդես եկավ ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Էդգար Մարտիրոսյանը: Նշվեց, որ մարզի զարգացման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 89 մլրդ դրամ, որից 2015թ. համար նախատեսվել էր 31,35 մլրդ դրամ:
ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գևորգյանը ներկայացրեց համայնքներում խմելու ջրի որակի և առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները:
Նշվեց, որ բնակչության շրջանում աղիքային վարակիչ հիվանդությունների, այդ թվում ջրային բնույթի բռնկումների կանխարգելման նպատակով ՀՀ առողջապահության նախարարության <<Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն>> ՊՈԱԿ-ի <<Սյունիք>> մասնաճյուղի կողմից պարբերաբար կատարվում են մշտադիտարկումներ՝ բնակչությանը մատակարարվող խմելու ջրի որակը վերահսկելու նպատակով: Մասնավորապես, խմելու ջրի որակի շեղումներ ավելի հաճախ արձանագրվում են համայնքապետարանների ենթակայությամբ գործող ջրմուղներում: Սյունիքի մարզի բնակավայրերի ջրամատակարարման համակարգերի խմելու ջրի որակի մշտադիտարկումների մանրէաբանական հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ նախորդ կիսամյակի համամեմատ արձանագրվել է նորմերի շեղումներից 4% նվազում, իսկ համայնքային ենթակայության տնտեսվարող սուբյեկտների կողմից իրականացվող և գյուղամիջյան չկենտրոնացված ջրաղբյուրներից կատարվող ջրամատակարարման համակարգերում՝ ընդհակառակը:
ՀՀ Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ռազմիկ Ավետիսյանը զեկուցեց Կապանի տարածաշրջանի 22 համայնքներում կատարված խմելու ջրագծի, կապտաժների, արտաքին և ներքին ցանցերի ու ջրամբարների ներկայիս վիճակին ծանոթանալու նպատակով կատարված ուսումնասիրությունների արդյունքները և նշեց, որ դրանք կշարունակվեն նաև մարզի մյուս տարածաշրջաններում: Ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են մի շարք թերություններ ու բացթողումներ հիմնականում կապտաժներում, մետաղական խողովակաշարով են ներքին և արտաքին ջրագծերը և վերանորոգման ենթակա: Առաջարկություն եղավ համայնքի ղեկավարներին բնակչության անվտանգության ապահովման նպատակով միջոցներ ձեռնարկել առկա թերությունները վերացնելու ուղղությամբ:
Նիստի ընթացքում օրակարգային հարցերից զատ՝ հաշվետվություններով հանդես եկան նաև Կապան, Գորիս, Ագարակ քաղաքային և Գորայք գյուղական համայնքների ղեկավարները:
Ամփոփելով մարզխորհրդի նիստը` ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը նշեց, որ 2015 թվականի ընթացքում ունեցած հաջողություններն ու ձեռքբերումները յուրաքանչյուրի բարեխիղճ աշխատանքի արդյունքն է, որը բարձր գնահատվեց ՀՀ կառավարության և տարածքային ու զարգացման նախարարության կողմից: Մարզպետն ամփոփ ներկայացնելով 2016 թվականի համար նախատեսված ծրագրերը, համայնքապետերին հորդորեց ուշադրության կենտրոնում պահել սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը և կարևորեց համայնքներում բնակչությանը մատակարարվող խմելու ջրի որակի բարելավմանն ուղղված աշխատանքները: Մարզպետը տեղեկացրեց նաև, որ ապրիլից կկատարվեն տարածաշրջանային այցեր, որի շրջանակում կլինեն մարզի բոլոր գյուղական համայնքներում ՝ առկա խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով:
Օրակարգային հարցերի շրջանակներում քննարկվեցին մի շարք այլ խնդիրներ, անդրադարձ եղավ տարբեր ոլորտների առնչվող հարցերի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24