Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
<<ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳԻՇԵՐ>> ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ
23.05.2016

Այս տարվա <<Թանգարանների գիշեր>> միջոցառումը Հայաստանում անցկացվեց մայիսի 21-ին, որն իրականացվում է Մշակութային ժառանգության պահպանության բնագավառում ամենահին միջազգային կազմակերպություններից մեկի` Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով:
Այս տարվա կարգախոս էր ընտրված <<Թանգարանները և մշակութային լանդշաֆտները>> թեման, որին օրվա խորհրդին համահունչ բազմաբնույթ միջոցառումներով ու ցուցադրություններով մասնակցեցին Սյունիքի մարզի 9 թանգարաններ: Սիսիանից` Ն. Ադոնցի անվան պատմության թանգարանը, <<Զորաց քարեր>> բնակատեղի պատմամշակութային արգելոցն ու Սիսիանի պատկերասրահը, Գորիսից` երկրագիտական թանգարանը, Ա. Բակունցի տուն-թանգարանը, Խնձորեսկի պատմության թանգարանը, Կապանից` երկրագիտական թանգարանը, Շ.Մովսիսյանի անվան պատմության թանգարանը և Կապանի ժամանակակից արվեստի թանգարանը: Բոլոր այս թանգարանները ժամը 18.00-ից մինչև կեսգիշեր հյուրընկալեցին ավելի քան 2600 այցելուների, ովքեր հետաքրքիր պահեր վայելեցին թանգարանային միջավայրում և ներկայացված միջոցառումների ու ցուցադրությունների միջոցով վերաիմաստավորեցին մեր ազգային, տարածաշրջանին բնորոշ առանձնահատկություններն ու արժեքները: