Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԽՈՑԵԼԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

08.06.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանի մոտ անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկվեցին <<Խոցելի երեխաների սոցիալական ներառում. այլընտրանքային խնամքի, ընտանիքի աջակցության և ներառական կրթության ծառայությունների ընդլայնումը որպես երեխայի խնամքի համակարգի բարեփոխման մաս>> ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներին առնչվող հարցեր:
Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, Կապանի, Գորիսի ու Սիսիանի հատուկ կրթահամալիրների և Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի Կապանի մասնաճյուղի տնօրենները:
Քննարկվեցին մարզում կրթության ոլորտի բարեփոխումների հետ կապված և համընդհանուր ներառական կրթության ներդրման գործում առկա խնդիրները: Նշվեցին հատուկ կրթական հաստատությունների վերակազմակերպման գործընթացում ակնկալվող մարտահրավերներն ու խոչընդոտները, կյանքի դժվարին պայմաններում գտնվող երեխային ընտանիք տեղափոխելուն ուղղված ծրագրերն ու բարեփոխումները: Մասնակիցները ներկայացրեցին իրենց մտահոգությունները, տեսակետերը, այս ուղղությամբ կատարված ուսւոմնասիրություններն ու առկա փորձը:
ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Հայկ Հարությունյանը անդրադառնալով ներառական կրթության ներդրման գործում առկա խնդիրներին, նշեց, որ ուսումնական հաստատությունների մեծ մասում չկան հաշմանդամ երեխաների համար նախատեսված համապատասխան պայմաններ:

ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գևորգյանը խոսեց կենսաբանական և խնամակալ ընտանիքների աջակցության, երեխաներին` այլ հաստատություններում վերատեղավորման կանխարգելմանն ուղղված աշխատանքների մասին: Նշվեց, որ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները կամ խնամակալները ևս պետք է պետության հոգածության ներքո լինեն:
Մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Աննա Ոսկանյանն անդրադառնալով խնամատար ընտանիքի ինսիտուտի զարգացմանն ու խթանմանը, նշեց, որ այն հնարավորություն է տալիս կիրառել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի ու դաստիարակության կազմակերպման այլընտրանքային ձևը` ընտանիք չունեցող երեխաների կամ այն երեխաների համար, որոնց խնամքը հնարավոր չէ ապահովել խնամակալի ընտանիքում:
Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Արամ Շահնազարյանը, ներկայացնելով սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխումները, տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսվում է սոցիալական աշխատանքներ իրականացնող ծառայությունները համատեղել մեկ հարկի ներքո:
Ամփոփելով խորհրդակցությունը` ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վ.Դավթյանը նշեց, որ ծրագրի իրականացումը ֆինանսական միջոցները կրճատելու նպատակ չի հետապնդում, ընդգծելով, որ հաշմանդամություն և այլ խնդիրներ ունեցող անձը ևս ունի կրթություն ստանալու և հավասար հնարավորություններ ունենալու իրավունք:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36