Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՅԱՑԵԼ Է ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

13.07.2016

 Հուլիսի 13-ին Գորիսում տեղի ունեցավ ՀՀ Սյունիքի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները, համայնքների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների և մարզային ենթակայության կազմակերպությունների ղեկավարները, ինչպես նաև ՀՀ ՏԿԶ նախարարության տարածքային ներդրումային քաղաքականության վարչության պետը:
Մարզխորհրդի նիստն սկսվեց ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ողջույնի խոսքով, որի շրջանակներում ներկայացվեցին օրակարգային հարցերը:Մինչ այդ, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ապրիլյան պատերազմում զոհված Ախլաթյան և Դարբաս գյուղական համայնքների ղեկավարների հիշատակը։Այնուհետև մարզպետ Ս․ Խաչատրյանը համայնքի ղեկավարներին ներկայացրեց և շնորհավորեց մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռուդոլֆ Սարգսյանին։Վերջինս իր հերթին շնորհակալություն հայտնեց վստահության համար և համոզմունք հայտնեց, որ համատեղ աշխատանքը արդյունավետ կլինի։
Մարզխորհրդի նիստի օրակարգային առաջին հարցի կապակցությամբ՝ մարզի համայնքների բյուջեների կատարման և սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին զեկուցումով հանդես եկավ ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հարություն Հովհաննիսյանը: Նշվեց, որ մարզի համայնքների այս տարվա բյուջեներով նախատեսվել են 4414303.1 հազ.դրամ եկամուտներ, այդ թվում սեփական եկամուտներ` 1425590.7 հազ.դրամ: Սեփական եկամուտների 6 ամսվա համար նախատեսված 572216.8 հազ.դրամի դիմաց փաստացի հուլիսի 1-ի դրությամբ հավաքագրվել են 595130.1 հազ.դրամ կամ նախատեսվածի 104.0%-ը: Առանձին համայնքներում ցածր է հողի հարկի հավաքագրման արդյունքերը:
Հ.Հովհաննիսյանն ընդգծեց,որ համայնքի բյուջեի բոլոր եկամտատեսակները ենթակա են հավաքագրման և մեկ եկամտատեսակի կատարումը չպետք է բացասաբար անդրադառնա մյուսի կատարման մակարդակի վրա:
Օրակարգային հաջորդ հարցի՝ բերքահավաքի աշխատանքների ընթացքի և աշնանացանի նախապատրաստման մասին հանդես եկավ ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը: Նշվեց,որ մարզում առկա 43,8հազ.հա վարելահողերից բարձր թեքությունների, հողատեսքերի կտրտվածության և գյուղատնտեսական տեխնիկայի մաշվածության հետևանքով չի մշակվում մոտ 6800հա ցանքատարածություն: Արդեն սկսվել են բերքահավաքի աշխատանքները և այսօրվա դրությամբ հավաքագրվել է 2100 հա աշնանացան հացահատիկ, 90հա բանջար, 125հա կարտոֆիլ, 255 հա պտուղ և հատապտուղ, կուտակվել է 34000 տոննա խոտ: Ս. Թանգյանը նշեց նաև, որ գարնանացան հացահատիկային մշակաբույսերի ցածր բերքատվությունը պայմանավորված է երկարատև անձրևներով:
2015-2016 ուստարում մարզի հանրակրթական դպրոցներում կատարված աշխատանքների և նոր ուսումնական տարվա նախապատրաստման մասին խոսեց ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հովիկ.Ալեքսանյանը: Վերջինիս բնութագրմամբ 2015-2016 ուստարին սկսել են բարձր պատասխանատվությամբ և հանրակրթական ուսումնական հաստատությունների առջև դրված հիմնական խնդիրը եղել է կրթության որակի բարելավմանն ուղղված բազմաշերտ աշխատանքը:Հ. Ալեքսանյանը կրթության որակի ապահովմանն ուղղված աշխատանքներում կարևորեց որակյալ կադրերի հայտնաբերումը և հանրակրթական համակարգում նրանց ներգրավումը: Մինչդեռ, ըստ վարչության պետի, հանրակրթական համակարգում հարցերի հարցը դարձյալ որակյալ կադրերի պակասն է: Կարևորվեց մեթոդապես զինված և ստեղծագործ մանկավարժների բացահայտման, խրախուսման և բարեփոխումների գործընթացում նրանց ակտիվ ներգրավման խնդիրը, համայնքապետի և դպրոցների տնօրենների բազմաբովանդակ համագործակցությունը, մասնավորապես, դպրոցի կառավարման գործում: Նշվեց, որ համայնքներում ուսումնասիրվել է առկա կադրային բազան և փորձել են գտնել լուծումներ, որոնք հնարավորություն կտան դպրոցներն ապահովել անհրաժեշտ կադրերով և նվազեցնել երթևեկող ուսուցիչների թիվը: Վարչության համար առաջնահերթություն է համարվել առարկայական օլիմպիադաների կազմակերպումը: Այս տարի մարզից օլիմպիադայի հանրապետական փուլի 113 մասնակիցներից 46-ը գրավել են մրցանակային տեղեր: Նախնական տվյալներով, մարզից դիմորդների 95%-ը ընդունվել են հանրապետության տարբեր բուհեր,իսկ գերազանցության մեդալների թվով Սյունիքի մարզը հանրապետությունում առաջինն է:
2016թ-ի առաջին կիսամյակում մարզի համայնքներում իրականացված վարչական հսկողության արդյունքների մասին տեղեկատվություն ներկայացրեց ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ Սեյրան Ավետիսյանը:Նշվեց, որ գործընթացն իրականացնելու համար մարզպետի 2016 թվականի փետրվարի 2-ի N13-Ա որոշմամբ հաստատվել են Սյունիքի մարզի համայնքներում վարչական հսկողություն իրականացնող աշխատանքային խմբի անհատական կազմը,հսկողության բնագավառները և ժամանակացույցը:Համաձայն նշված ծրագրի՝ մարզի համայնքներում այս տարվա առաջին կիսամյակում ուսումնասիորւթյուններ են կատարվել մարզի 17 համայնքում՝ ՀՀ օրենսդրությամբ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված պարտադիր և պատվիրակված լիազորությունների իրականացման 9 բնագավառներում:Արձանագրված թերությունները շտկելու նպատակով համայնքների ղեկավարներին տրվել են հանձնարարականներ և դրանց կատարումը վերցվել է հսկողության:
Մարզպետն անդրադարձավ քննարկված բոլոր հարցերին:Բերքահավաքի աշխատանքների հետ կապված մարզպետը հավելեց, որ պետք է անել հնարավոր ամեն ինչ բերքահավաքի աշխատանքները պատշաճորեն կազմակերպելու համար։ Գյուղապետերին առաջարկվեց ուսումնասիրել գործընթացի հետ կապված խնդիրները և ներկայացնել դրանք։ Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը համայնքի ղեկավարների ուշադրությունը հրավիրեց սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի վրա և նշեց, որ չնայած այն հանգամանքին, որ համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները գոհացուցիչ են, այդուհանդերձ գործընթացի նկատմամբ անհրաժեշտ է ամենօրյա հետևողական աշխատանքներ իրականացնել, ձեռնարկել բոլոր միջոցառումները հարկերի և վճարների գծով եկամուտների հավաքագրման պատշաճ մակարդակն ապահովելու ուղղությամբ:
Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ամփոփելով մարզխորհրդի նիստը՝ անդրադարձավ նաև համայնքների խոշորացման գործընթացի հետ կապված մի շարք հարցերի։ Մարզպետը գյուղապետերին հորդորեց ողջամիտ վերաբերմունք ցուցաբերեն գործընթացի նկատմամբ՝ ընդգծելով դրա անհրաժեշտությունը մասնավորապես համայնքների առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների առումով։
Օրակարգային հարցերի շրջանակներում քննարկվեցին նաև մի շարք այլ խնդիրներ:Ելույթներով հանդես եկան նաև Տաթև և Սյունիք համայնքների ղեկավարները։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24