Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԷՐ ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

08.08.2016

 ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում: Սյունիքի մարզպետարանում կայացած աշխատանքային քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել մարզի բնապահպանական խնդիրներին, ինչպես նաև Մեղրիի տարածաշրջանում, մասնավորապես` <<Արևիկ>> ազգային պարկում վերջերս բռնկված հրդեհներին: Նախարար Արամայիս Գրիգորյանը նշել է, որ առաջիկայում <<Զանգեզուր>> կենսոլորտային համալիրում նախատեսվում են հակահրդեհային ժամանակակից տեխնիկական միջոցների համալրման աշխատանքներ, իսկ մինչ այդ հարկավոր է շարունակել պահպանել զգոնությունը` ազգային պարկի հազվագյուտ բուսական և կենդանական աշխարհին պատճառվող վնասներից խուսափելու կամ նվազագույնի հասցնելու նպատակով: Մարզպետ Սուրիկ Խաչատրյանն առաջարկել է համատեղ ուժերով ձևավորել հակահրդեհային արագ արձագանքման խումբ, և լրացուցիչ հսկողություն սահմանել առավել հրդեհավտանգ ժամանակահատվածում:
Ս. Խաչատրյանը ներկայացրել է <<Զանգեզուր>> կենսոլորտային համալիրի ազդակիր համայնքների բնակչության խնդիրները, որոնց վերաբերյալ նախարար Արամայիս Գրիգորյանը նշել է. <<KFW>> ֆինանսավորմամբ իրականացվող <<Կովկասի պահպանվող տարածքների աջակցության ծրագիր. Հայաստան>>-ի շրջանակներում նախատեսվում է իրականացնել համայնքների զարգացմանը նպաստող մի շարք միջոցառումներ, որոնք թե° բնապահպանական, թե° սոցիալ-տնտեսական առումով դրական դինամիկա կապահովեն այդ համայնքներում: Բնապահպանության նախարարությունը պատրաստ է լսելու համայնքների բնակիչների առաջարկություններն ու կարծիքները, ներկայացնելու KFW-ի քննարկմանը և հնարավորության շրջանակներում լուծում տալու դրանց>>:
Այցի շրջանակներում աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել <<Զանգեզուր>> կենսոլորտային համալիրի աշխատակիցների հետ <<Շիկահող>> պետարգելոցի վարչական շենքում: Քննարկվել են համալիրի գործունեությունը, ձեռքբերումները, առկա խնդիրներն ու առաջիկա անելիքները: Նախարար Գրիգորյանը կարևորել է ԲՀՊՏ-ներում սկսված մոնիթորինգի աշխատանքները և հանձնարարել, բացի բուսական աշխարհի մոնիթորինգից, իրականացնել նաև ջրաղբյուրների հաշվառում, որոնք հետագայում կնպաստեն հակահրդեհային միջոցառումների, ինչպես նաև էկոտուրիստական նոր երթուղիների մշակման համար:
Համալիրի գիտաշխատողները ներկայացրել են վերջին շրջանում կատարված ուսումնասիրություններն ու ձեռքբերումները, իրականացված մոնիթորինգի աշխատանքները, քննարկվել են նախատեսվող անտառշինական և անտառվերականգնման աշխատանքների մանրամասներ:
                                         

                                                                                              Աղբյուրը՝ http://www.mnp.am/

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 12:35:41