Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՎ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

26.08.2016

 Այսօր Կապանի մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ կրթության ոլորտի աշխատողների ավանդական դարձած օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը, որը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Խորհրդակցությանը մասնակցում էր ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և քաղաքային համայնքների ղեկավարներ, մարզի կրթական հաստատությունների տնօրեններ և մանկավարժներ:
Խորհրդակցությանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանը:
Մարզի կրթական համակարգի 2015-2016 ուսումնական տարում հանրակրթության ոլորտում իրականացված աշխատանքների, առկա խնդիրների և նոր ուսումնական տարվա անելիքների մասին զեկուցումով հանդես եկավ ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հովիկ Ալեքսանյանը: Նա իր ելույթում խոսեց կրթության ոլորտի ձեռքբերումների ու բացթողումների մասին: Նշվեց.որ 2015-2016 ուստարին իր արդյունավետությամբ և բազմաթիվ խնդիրներով ու դրանց լուծման ուղղությամբ կատարված աշխատանքներով հիմք է տալիս բարձրաձայնելու, որ համակարգն աշխատել է մեծ պատասխանատվությամբ ու արդյունավետ: Մարզում գործող 120 հանրակրթական ուսումնական հաստատություններում, որոնցից 114-ը՝ մարզպետարանի ենթակայության, 6-ը՝ նախարարության, սովորում են 16431 աշակերտ, աշխատողների թիվը կազմում է 3681, մանկավարժներինը՝ 2225, մանկավարժական բարձրագույն կրթությամբ՝ 1932, թերի բարձրագույն կրթությամբ՝ 16, միջին մասնագիտական կրթությամբ՝ 277 մանկավարժ: Մարզպետարանի ենթակայության ուսումնական հաստատություններում կոմպլեկտավորվել են 1025.5 դասարան՝ 14428 սովորողներով, իսկ Սյունիքի մարզը գերազանցության մեդալների թվով հանրապետությունում առաջինն է:
Խոսելով կրթության ոլորտի բարեփոխումների և զարգացման ծրագրերի հաջողության ու արդյունավետության մասին՝  Հ. Ալեքսանյանը նշեց, որ դրանք մեծապես պայմանավորված են մանկավարժների մասնագիտական պատրաստվածությամբ, կրթական նվաճումներ արձանագրելու և կյանքի կոչելու նրանց պատասխանատվությամբ ու հավակնություններով, ինչպես նաև կադրերի խելացի ու ճիշտ ընտրությամբ: Վարչության պետն ընդգծեց, որ ունեն ոչ միայն որակյալ կադրերի պակաս, այլև ընդհանրապես կադրերի լուրջ պահանջ կա մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա, աշխարհագրություն, ռուսաց լեզու առարկաների գծով, մանավանդ գյուղական դպրոցներում:
Հ. Ալեքսանյանը, խոսելով առաջադեմ և ստեղծագործ մանկավարժների բացահայտման, խրախուսման, զարգացման և բարեփոխումների գործընթացների մասին, կարևորեց նրանց ներգրավվածության ակտիվության խնդիրը:
Իրենց կրթական հաստատություններում առկա հիմնախնդիրների և հաջողությունների մասին ելույթներով հանդես եկան նաև մարզի բարձրագույն, միջին մասնագիտական և հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարներ:
Հանրակրթության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների, ինչպես նաև համակարգի զարգացման հետագա խնդիրների, մասնավորապես, ավագ դպրոցների հիմնախնդիրների, դպրոց-բուհ փոխհարաբերությունների և կրթական բարեփոխումների և մի շարք այլ հարցերի մասին պարզաբանումներով հանդես եկավ ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը:
Խոսվեց նաև կրթական մի շարք այլ հարցերի մասին, մասնավորապես, գյուղական դպրոցի նկատմամբ պետական կրթական առանձին քաղաքականության իրականացման անհրաժեշտության և այն փորձնական ծրագրերի մասին, որին մասնակցել են մարզի մի շարք դպրոցներ, հատուկ կրթական և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին հանրակրթական համակարգում ինտեգրելու գործընթացի, տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների լայն կիրառման, դասագրքերի իրացման համակարգի, <<Կայուն դպրոցական սնունդ>> ծրագրի շրջանակներում տարրական դասարանների աշակերտներին տաք սննդի տրամադրման շարունակականության և տրամադրված խոհանոցային տեխնիկական սարքավորումների շահագործմանը վերաբերող և այլն:
Ամփոփելով խորհրդակցությունը` ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանը կարևորեց մարզում կրթության որակի բարձրացմանն ուղղված հետևողական ու կառուցողական աշխատանքները և սերունդների կրթության ու դաստիարակության գործում մանկավարժների դերը և իր երախտագիտությունը հայտնեց մեդալակիր շրջանավարտներներ տված կրթօջախների տնօրեններին: Մարզպետը գոհունակությամբ նշեց, որ մարզի կրթական ոլորտում արձանագրված արդյունքները թույլ են տալիս ասելու, որ տարեցտարի ավելանում են ոլորտի ձեռքբերումները և համոզմունք հայտնեց, որ հաջորդող տարիներին արդյունքներն էլ ավելի գոհացուցիչ կլինեն: Մարզպետ Ս. Խաչատրյանը մատաղ սերնդի դաստիարակության գործում ներդրած ավանդի, երկարամյա անբասիր մանկավարժական գործունեության համար շնորհակալագրերով պարգևատրեց առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում առաջին կարգի մրցանակների արժանացած աշակերտների ուսուցիչներին:
Մարզպետն անդրադարձավ նաև մարզի մի շարք գյուղական դպրոցների երթևեկող ուսուցիչների տրանսպորտի և կադրերի պահանջարկի խնդրի կարգավորմանն ուղղված աշխատանքներին:
Խորհրդակցության ավարտին մարզի ղեկավարը շնորհավորեց ներկաներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով նրանց հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:58:50