Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԿԱՊԱՆԻ ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ ԹԱՂԱՄԱՍԻ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԳՈՏԻ
14.09.2016
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այսօր այցելել է Կապանի Շինարարներ թաղամասի սողանքային գոտի` սողանքի հետևանքներին տեղում ծանոթանալու և դրանց վերացման հետ կապված հարցերը քննարկելու նպատակով: Մարզպետին ուղեկցում էին Կապանի քաղաքապետ Ա. Հայրապետյանը, մարզպետի տեղակալ Վ.Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ռ.Ավետիսյանը:
Մարզպետը ծանոթացել է կատարված աշխատանքների ընթացքին, պատասխանատուների հետ քննարկել սողանքի վերացման հնարավորությունները: Ներկայումս աշխատանքներ են կատարվում սողանքի հետևանքների կասեցման ուղղությամբ:
Տեղեկացվել է, որ մասնագետների կողմից համապատասխան ուսումնասիրություններ են կատարվել` սողանքային ակտիվության նոր դրսևորումները կանխելու, սողանքային տարածքում գտնվող 15 անհատական տների բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով: Մարզպետին զեկուցվել է, որ անհրաժեշտ է մաքրել և կարգավորել թիվ 10 դպրոցի տարածքով հոսող ջրահեռացման համակարգը, լանջի վերին տեղամասերից դպրոցի տարածք ներհոսող մակերեսային ջրերի հավաքման և հեռացման նպատակով սողանքի թիկունքային մասում` Շինարարների փողոցի հարակից հատվածի երկարությամբ, տեղադրել ներկա պայմաններին համապատասխան ջրահեռացման համակարգ:
Այցից հետո մարզպետ Ս. Խաչատրյանն անց է կացրել խորհրդակցություն Կապանի քաղաքապետ Ա. Հայրապետյանի, Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Բ. Զաքարյանի և մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ռ. Ավետիսյանի մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են սողանքի հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքերին վերաբերող մի շարք հարցեր:
Ստեղծված իրավիճակին լուծում տալու և հետևանքները վերացնելու ուղղությամբ հանձնարարվել է հրատապ կարգով աշխատել համապատասխան կառույցների հետ և սեղմ ժամկետներում ներկայացնել սողանքի հետևանքների վերացման հնարավոր տարբերակներն ու անհրաժեշտ ֆինանսական ծավալները: