Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
20.09.2016

Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս մեր ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ: Տոն, որի փափագն ու զգացողությունը մեր սերունդները մշտապես կրել են իրենց հոգում։
1991 թվականի սեպտեմբերի 21-ը նոր էջ բացեց հայ ժողովրդի պատմության մեջ: Անկախ պետականության կերտումը մի դժվարին ու պատվարժան ճանապարհ էր, որը մեր ժողովուրդը հաջողությամբ հաղթահարեց: Այն պետության անցած ուղու, հաջողությունների, փորձությունների ու ապագա ծրագրերի մասին խորհելու առիթ է նաև:
Ասված է՝ միասնությունն առաջին քայլն է դեպի անկախություն: Հայոց պատմության մեջ, թերևս, աննախադեպ այդ միասնության շնորհիվ քառորդ դար առաջ ձեռքբերեցինք մեր անկախությունը: Նույն միասնությամբ ու բազում զոհերի գնով պաշտպանեցինք ու վերահաստատեցինք ազատ ու անկախ ապրելու մեր և արցախցիների իրավունքը:
Համոզված եմ՝ նույն միակամությամբ էլ պետք է անենք հնարավորը՝ շենացնելու մեր երկիրն ու մարզը, դիմակայելու ցանկացած մարտահրավերի, որովհետև մենք ենք մեր կյանքի գլխավոր ճարտարապետները, և այն, ինչ պետք է կառուցվի այս հողի վրա, մեծապես կախված է մեզնից յուրաքանչյուրիցս:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի առթիվ, մեր երկրին ու ժողովրդին մաղթում խաղաղություն ու բարօրություն:
ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյան