Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ԿԱՊԱՆԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆԻՍՏԻՆ ԵՎ ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԻՆ

15.10.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում ներկա է գտնվել Կապանի օրվան նվիրված հանդիսավոր նիստին և տոնական համերգին: Տոնի առթիվ մարզի ղեկավարը շնորհավորական խոսք է հղել.

 Հարգարժա՛ն հյուրեր,
 Սիրելի՛ կապանցիներ,
Այսօր մենք նշում ենք մեր շատ սիրելի Կապանի օրը: Սա այն տոներից է, որն, իսկապես, համախմբում է բոլոր կապանցիներին: Այլ կերպ լինել չէր էլ կարող։
Ընդունված է, որ քաղաքի տոնին պետք է վերհիշել և խոսել նրա պատմության, ձեռքբերումների և դերի մասին։ Բայց ես այսօր այդպես չեմ անի. նախ որովհետև Կապանը՝ Դավիթ Բեկից մինչև քառօրյա պատերազմի մեր հերոս Նորայր Գասպարյան, առաջին հանքագործներից մինչև ժամանակակից շատրվան կառուցող մեր տղաներ, ամբողջովին ամեն մի կապանցու սրտում է։ Բացի այդ՝ չեմ կարծում, որ կարելի է Կապանն այնպես ներկայացնել, որ պակաս բան չմնա։ Ուրեմն այսօր ես չեմ խոսի քաղաքի անցյալի և ներկայի մասին։ Կխոսեմ ապագայի մասին։
 Սիրելի՛ կապանցիներ,
Քաղաքի տոնի առթիվ շատ տեսանելի այս միասնա¬կանությունը մի բան է վկայում. մենք միասնական ենք այն ամենի շուրջ, ինչն, իսկապես, սիրում ենք, իսկ մենք սիրում ենք Կապանը և յուրաքանչյուր կապանցուն։
Ես ինքս ինձ ու ձեզ չեմ փորձի խաբել, թե մենք շատ արագ կարողանալու ենք բոլորիս հոգսերը թեթևացնել ու բոլոր վերքերը վաղն իսկ բուժել։ Ո՛չ իհարկե։ Բայց մի բանում, հաստատ, համոզված եմ։ Համոզված եմ, որ կարող ենք կանգնել յուրաքանչյուր կապանցու կողքին, երբ նա դրա կարիքն ունենա՝ փորձելով օգնել նրան։ Իմ այս համոզմունքը բոլորիս է վերաբերվում և, իհարկե, առաջին հերթին՝ ինձ։ Մենք միասին շատ բան կարող ենք անել ամեն մի կապանցու համար։ Շատ եմ ուզում հավատալ, որ այսօրվա միասնականությամբ մենք քայլեր կանենք գալիք ողջ տարում։ Եվ թող գալիք տարի այս օրը դառնա ոչ միայն Կապանի, այլև կապանցու օրը։ Այսօրվանից պետք է քայլեր ձեռնարկենք, որ այդ օրը նոր ասելիք ունենանք։
Սիրելի՛ կապանցիներ,
Շնորհավորում եմ բոլորիս Կապանի օրվա կապակցությամբ։
Սիրե՛նք ու պահպանե՛նք Սյունիքի մարզկենտրոնը: Եվ եկե՛ք միասին ասենք.
Տո՛նդ շնորհավոր, Կապա՛ն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-04 14:35:06