Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԿԱՅԱՑԱՎ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԻՐԱԶԵԿՈՒՄ-ՀԱՆԴԻՊՈՒՄ

16.11.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի նախաձեռնությամբ այսօր ՀՀ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել չափագիտական և տեխնիկական կանոնակարգերին առնչվող մասնագիտական իրազեկում-հանդիպում:Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության <<Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի>> ղեկավար Լևոն Խալիկյանը, <<Չափագիտության ազգային ինստիտուտի>> և <<Ստանդարտների ազգային ինստիտուտի>>, մարզպետարանի աշխատակազմի, ինչպես նաև շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ, տնտեսվարողներ:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը կարևորել է, համայնքների կայուն զարգացման ուղղությամբ իրականացվող գործընթացում, ստանդարտների ներդրման կառավարման համակարգում որակյալ ենթակառուցվածքներ և արդյունավետ առևտրային համակարգ ունենալու անհրաժեշտությունը:
Այնուհետև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության <<Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի>> ներկայացուցիչները հանգամանորեն ներկայացրեցին տեսչական մարմինների գործունեության կանոնակարգման հետ կապված գործընթացը, անդրադառնալով՝ տեխնիկական կանոնակարգերի չափորոշիչների, տնտեսվարող սուբյեկտների, սպառողին վտանգավոր ապրանքներից զերծ պահելու, լաբորատորիաների ստեղծման, բնակիչների իրազեկման հետ կապված մի շարք հարցերի:
Մարզպետ Վահե Հակոբյանը տեղեկացրել է, որ մարզում նախատեսվում է պարբերաբար իրականացնել ուսումնասիրություններ՝ միաժամանակ հորդորելով մարզի տնտեսվարողներին շտկել առկա բացթողումներն ու թերությունները:
Մասնակիցներն ընդգծել են նման ձևաչափով քննարկումների կարևորությունը, նշելով, որ այն հնարավորություն է տալիս ամբողջական տեղեկատվություն ստանալ ստանդարտացման հետ կապված նախաձեռնությունների, օրենսդրական բարեփոխումների և այլ ենթաօրենսդրական ակտերի վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում ներկաները բարձրացրեցին իրենց հուզող հարցերը, որոնք մասնավորապես վերաբերում էին առողջապահական հաստատություններում բուժսարքավորումների, գազալցակայանների գործարկման և այլ ոլորտներում չափագրումների իրականացմանը, սպառողների կյանքի, առողջության և անվտանգության համար շուկայում առկա վտանգավոր ապրանքների բացահայտմանը, շուկայի վերահսկողությանը, անվտանգության պահանջներին: Կարևորվեց նաև հանրության հետ հետադարձ կապի ապահովումը և համագործակցությունը:
Հանդիպման ավարտին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության <<Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի>> ղեկավար Լևոն Խալիկյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին նախաձեռնության համար և հույս հայտնել, որ նման մոտեցումները դրական արդյունք կտան: Վահե Հակոբյանը նույնպես շնորհակալություն է հայտնել մասնագիտական իրազեկման և հանդիպման համար և վստահեցրել, որ այն ինչ-որ չափով կօգնի մարզի տնտեսվարողներին: Վահե Հակոբյանը նշել է նաև, որ այն իրականացվում է կառավարության որդեգրած մոտեցումների շրջանակում և կրելու է պարբերական բնույթ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11