Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՂ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

19.11.2016

 Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի ուղեկցությամբ, այցելեց Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղի Սիսիան քաղաքի Սպանդարյան 16 հասցեում գտնվող նշանավոր նկարիչ Զաքար Խաչատրյանի և հայտնի քանդակագործ Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարան՝ տեղում ծանոթանալու շենքի՝ վերջերս սկսված հիմնանորոգման աշխատանքներին, որն իրականություն է դարձել ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ:
Հիմնանորոգման աշխատանքներն իրականացնող <<Նորոգշին (Նոր բակ)>> շինարարական կազմակերպության ղեկավար Մարատ Ասլանյանը մարզպետին և քաղաքապետին ներկայացրեց կատարվող աշխատանքների ծավալը, առկա խնդիրները, կարևորեց նախագծա-նախահաշվային փաստաթղթերով նախատեսվող նոր ցուցասրահի կառուցման համար լրացուցիչ ֆինանսական աղբյուրների հայթայթումը:
Տուն-թանգարանի վարիչ Արևհատ Ամիրյանը մարզպետ Վահե Հակոբյանին և Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանին ներկայացրեց ՌԴ և ՀՀ ժողովրդական նկարիչ Զաքար Խաչատրյանի և ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արտաշես Հովսեփյանի անգնահատելի դերը մասնավորաբար 20-րդ դարակեսին Սիսիանում մշակութային կյանքը զարգացնելու գործում: Մասնաճյուղի վարիչը ծանոթացրեց այս տանը անցյալ դարի 60-ական թվականներին հիմնադրված մանկական արվեստի ստուդիայի գործունեությանը, որը Մերկուրովի և Կոջոյանի արվեստի ստուդիաներից հետո երրորդն էր հանրապետությունում:
Սյունիքի մարզպետն ու Սիսիանի քաղաքապետը պատրաստակամություն հայտնեցին աջակցել տուն-թանգարանի հիմնանորոգման աշխատանքներն ավարտին հասցնելուն: Այն, պատասխանատուների հավաստմամբ, կարող է դառնալ մշակութային կենտրոն և հանգստի գոտի ոչ միայն Սիսիանի համար, այլև՝ մարզի: Զբոսաշրջությունը Սիսիանում զարգացնելու համար կարևորեցին տուն-թանգարանը ապագայում Զորաց Քարեր-Տաթև-Արցախ տուրիստական երթուղիներում ներգրավելու հնարավորությունները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 12:35:41