Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՍԻՍԻԱՆԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ

19.11.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Սիսիանի քաղաքապետարանի դահլիճում քաղաքային համայնքի աշխատակազմին ներկայացրեց Սիսիանի նորընտիր քաղաքապետ Արթուր Սարգսյանին: Մինչ այդ, մարզպետ Վահե Հակոբյանը մասնակցել է Սիսիան քաղաքի մուտքի մոտ օրերս տեղադրված Սիսիանի անունը կրող վահանակի լույսերը վառելու արարողությանը և քաղաքային պանթեոնում հարգանքի տուրք մատուցել արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին:
Խոսելով նորընտիր համայնքապետի՝ արդեն իսկ կատարած աշխատանքների մասին, մարզպետը գոհունակությամբ նշեց, որ դա շոուի նպատակ չի հետապնդում, ինչպես սիրում են մեզանում ասել, այլ՝ իրական գործընթացներ են, ինչը տանելու է դեպի տրամաբանական ավարտ:
Կարևորելով համայնքի բոլոր կարող ուժերի համախմբումն ու համայնքի առջև ծառացած խնդիրների՝ միասնաբար լուծումը, Վահե Հակոբյանը նկատեց, որ այն արդեն իսկ զգացվում է:
Հույս հայտնելով, որ նորընտիր քաղաքապետը կարդարացնի ոչ միայն իրեն վստահության քվե տված 4033 քաղաքացիների, այլև՝ բոլոր սիսիանցիների սպասելիքները, մարզպետը նշեց, որ քաղաքապետի աշխատանքի իրական արդյունքները թեև կամփոփվեն 4 տարի հետո, սակայն պաշտոնավարման առաջին իսկ տարում սիսիանցիներն ականատես կլինեն քաղաքում կատարված արմատական փոփոխությունների: <<Եթե ինքը չուզենա աշխատել, ինչ ուզում ես արա, միևնույն է, ոչինչ չի ստացվելու>>,-ասաց Վահե Հակոբյանը՝ հույս հայտնելով, որ նորընտիր քաղաքապետը լի է աշխատելու վճռականությամբ, իսկ ինքը պատրաստակամ է օգնել և աջակցել՝ ի օգուտ մեզ և մեր երկրի:
Վահե Հակոբյանն անդրադարձավ ոչ միայն Սիսիանում, այլև Սյունիքի մարզում առկա հիմնախնդիրներին, հավաստիացրեց, որ դրանք կարող են լուծվել միայն մարզպետարան-քաղաքապետարան-ժողովուրդ և, իհարկե, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ քառակողմ համագործակցությամբ, ու որպես դրա առաջին օրինակ վկայակոչեց օրերս Անգեղակոթի խաչմերուկում բացօթյա առևտրակետի տարածքի բարեկարգումը:
Պատասխանելով ներկաներին հուզող և մտահոգող հարցերին, Վահե Հակոբյանը կարևորեց Սյունիքի զարգացման և ներդրման բազմապրոֆիլ ֆոնդի հիմնադրումը, ասելով, որ այն միտված է լինելու մարզի բնակչության առաջնային և թիրախային խնդիրների լուծմանը:
Սիսիանի նորընտիր քաղաքապետ Արթուր Սարգսյանը շնորհավորեց Վահե Հակոբյանին՝ Սյունիքի մարզպետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ապա շնորհակալություն հայտնեց իրեն վստահության քվե տված բոլոր սիսիանցիներին և ընտրությանը մասնակցած բոլոր քաղաքացիներին, ապա հավաստիացրեց, որ նորընտիր ավագանու, Սիսիանի հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարների հետ համատեղ փորձելու է Սիսիանը դարձնել բարեկարգ ու գեղեցիկ քաղաք:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:56:15