Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԿԱՊԱՆԻ ԹԻՎ 7 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՇՆՈՐՀԱԼԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ
06.12.2016

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր ընդունել է Կապանի թիվ 7 հիմնական դպրոցի աշակերտներ՝ <<Ամենախելացին>> հեռուստանախագծի չորրորդ եթերաշրջանի քառորդ եզրափակչի հաղթող Մարի Բադալյանին և <<Երգը բարեկամության կամուրջ է>> փառատոնի հանրապետական փուլում մրցանակային տեղ զբաղեցրած Մարիա Աթայանին: Ներկա էին նաև Կապանի թիվ 7 հիմնական դպրոցի տնօրեն Կարինե Հովսեփյանն ու ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հովիկ Ալեքսանյանը: Հանդիպման ընթացքում երեխաները կիսվել են մրցույթներից ստացած տպավորություններով, խոսել իրենց նախասիրությունների ու հետագա անելիքների մասին:
Վահե Հակոբյանն իր երախտագիտությունն է հայտնել աշակերտներին՝ մրցույթներում պատվով ներկայանալու և մարզի պատիվը բարձր պահելու համար: <<Յուրաքանչյուրիդ հաջողությունը նաև մերն է: Հպարտ ենք ձեզնով և ի դեմս ձեզ` համոզված եմ, որ մեր ապագան հուսալի ձեռքերում է>>,- նշել է Վահե Հակոբյանը: Մարզի ղեկավարը հավաստիացրել է նաև, որ մարզպետարանը պատրաստ է աջակցելու Սյունիքի տաղանդավոր երիտասարդներին:
Մարի Բադալյանն ու Մարիա Աթայանը ՀՀ Սյունիքի մարզպետի կողմից ստացան խրախուսական նվերներ: