Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ Է ՀԱՆՁՆՎԵԼ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԱԶԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԸ
21.12.2016

Այսօր տեղի ունեցավ Իրանի հետ սահմանամերձ Մեղրի և Ագարակ քաղաքներում կառուցված գազի բաշխման ցանցի պաշտոնական բացումը: Գազատարների հանդիսավոր բացմանը ներկա էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը, Մեղրու համայնքապետ Մխիթար Զաքարյանը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, <<Գազպրոմ-Արմենիա>> ՓԲԸ-ն ներկայացուցիչներ, շինարարներ, հյուրեր: ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը մարզպետ Վահե Հակոբյանի անունից շնորհավորել է մեղրեցիներին, շնորհակալություն հայտնել ծրագիրը իրականացնողներին:
Հիշեցնենք, որ Իրանի և Հայաստանի կառավարությունները դեռևս 2011թ. դեկտեմբերին ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանին օժանդակություն հատկացնելու վերաբերյալ։ Հուշագրի շրջանակներում Իրանի կառավարությունը համաձայնել էր տրամադրել 2 մլն ԱՄՆ դոլար, որպես դրամաշնորհ, Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի (Մեղրի և Ագարակ համայնքների) գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի իրականացման համար: Հայկական կողմն իր վրա էր վերցրել տրամադրվող միջոցների հաշվին ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքներից գանձվող հարկերի, մաքսատուրքերի և այլ պարտադիր վճարների հետ կապված ծախսերը: Նշված քաղաքների գազի բաշխման ցանցի կառուցման աշխատանքներն իրականացրել է իրանական <<Սաներջի>> ընկերությունը: Ծրագրի շրջանակներում կառուցվել են՝ Ագարակ քաղաքում շուրջ 4,8 կմ, իսկ Մեղրիում՝ 26,5 կմ երկարությամբ տարբեր ճնշման գազատարներ: Բացի այդ Մեղրի քաղաքի գազամատակարումն ապահովելու համար կառուցվել է շուրջ 1 կմ բարձր ճնշման գազատար և գազաբաշխիչ կայան, որը նախատեսված է նաև Մեղրի քաղաքի հարակից բնակավայրերի գազամատակարարման համար: