Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

27.12.2016

Այսօր Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Սյունիքի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:
Նիստին ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Ա. Խաչատրյանը, ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վ.Դավթյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռ. Սարգսյանը, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև մարզի քաղաքային ու գյուղական համայնքների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների և մարզային ենթակայության կազմակերպությունների ղեկավարներ:
Մարզխորհրդի նիստի օրկարագային առաջին հարցի՝ մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի և առկա խնդիրների վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ս.Դավթյանը: Նշվեց, որ 2016 թվականի դեկտեմբերի 26-ի դրությամբ ՀՀ Սյունիքի մարզի համայնքների 2016թ. բյուջեներով նախատեսվել են 4452893.3 հազար դրամ եկամուտներ, այդ թվում սեփական եկամուտներ՝ 1383384.0 հազար դրամ: Հաշվետու ժամանակահատվածում սեփական եկամուտների փաստացի հավաքագրումը կազմել է 1337284.9հազ դրամ կամ նախատեսվածի 96.1%:
Ս.Դավթյանը ներկայացրեց այն համայնքների ցանկը, որոնք թերացել են եկամուտների հավաքագրման գործում և նշված համայնքների ղեկավարների ուշադրությանը հրավիրելով արձանագրված փաստի վրա` առաջարկեց միջոցներ ձեռնարկել եկամուտների հավաքագրման 100 տոկոսանոց ցուցանիշ ապահովելու համար:
ՀՀ Սյունիքի մարզի 2017-2025թթ. Տարածքային զարգացման ռազմավարության և համայնքների հնգամյա զարգացման մշակման աշխատանքների ընթացքի մասին տեղեկացրեց ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Է. Մարտիրոսյանը: Նշվեց, որ ՀՀ Սյունիքի մարզպետի 2016թ. հոկտեմբերի 17-ի N 98-Ա որոշմամբ հաստատվեց ՀՀ Սյունիքի մարզի 2017-2025թթ. Տարածքային զարգացման ռազմավարության մշակման մարզային հանձնաժողովի կազմը և ռազմավարության մշակման ժամանակացույցը: Մարզպետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի աշխատանքային խումբը 2 անգամ մասնակցել է ռազմավարության առկա իրավիճակի, ուժեղ, թույլ կողմերի, հնարավորությունների և սպասելիքների (SWOT) վերլուծության աշխատանքային քննարկումներին: 2016թ. դեկտեմբերի 15-ին մարզպետարանում շահագրգիռ կողմերին ներկայացվեց ռազմավարության առկա իրավիճակի գնահատականը և իրականացվեց SWOT վերլուծության քննարկում, որի արդյունքում լրամշակված փաստաթուղթը ներկայացվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, ինչպես նաև ծրագրի իրականացման ԵՄ փորձագետներին:
Անդրադառնալով Սյունիքի մարզի համայնքների հնգամյա զարգացման ծրագրերի մշակման աշխատանքների ընթացքին՝ Է. Մարտիրոսյանը նշեց, որ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից մշակվել և համայնքներին են տրամադրվել ծրագրի կազման և իրականացման նոր մեթոդաբանություն: Նշվեց, որ Սյունիքի մարզի բոլոր 72 համայնքները կազմել են համայնքների զարգացման հնգամյա ծրագրեր: Ներկայումս շարունակվում է ծրագրերի՝ ավագանու որոշմամբ հաստատման գործընթացը:
Օրակարգային հաջորդ հարցի՝ մարզի համայնքներում հողօգտագործման իրավիճակի, իրականացված հողային պետական տեսչական ստուգումների արդյունքների և հետագա անելիքների մասին զեկուցումով հանդես եկավ ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետ Մ. Կոստանդյանը:
Նշվեց, որ մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության կողմից, համայնքներում վարչական հսկողության աշխատանքների իրականացման ժամանակացույցին համապատասխան մարզի թվով 36 համայնքներում իրականացվել են ընթացիկ ստուգումներ՝ հողօգտագործման բնագավառում հողային օրենսդրության պահանջների կատարման, հողամասերն ըստ համայնքային նշանակության օգտագործման, պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողերի օտարման և օգտագործման տրամադրման գործընթացների նկատմամբ: Ստուգումների արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ, որոնց վերացման նպատակով տեսչության կողմից համայնքների ղեկավարներին տրվել են պարտադիր կատարման ցուցումներ՝ սահմանելով կատարման իրատեսական ժամկետներ:
ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հովիկ Ալեքսանյանը տեղեկատվություն ներկայացրեց մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների կրթական գործունեության ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ: Զեկուցվեց, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են կրթության բնագավառը կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներ, որոնց վերաբերյալ ընդհանուր թվով կազմվել է 22 արձանագրություն:
ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ա.Գևորգյանը զեկուցեց 2016 թվականի մարզի համայնքներում իրականացված աշխատանքների և առկա խնդիրների մասին:
Նիստին օրակարգային հարցերի շրջանակներում քննարկվեցին նաև մի շարք այլ հարցեր, ելույթով հանդես եկավ <<Խնձորեսկի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրեն Վ.Բալայանը:
Ամփոփելով 2016 թվականի վերջին մարզխորհրդի նիստը` Վ.Հակոբյանը իր խոսքում ներկայացրեց վերջին 3 ամիսների ընթացքում կատարված աշխատանքներն ու հետագա անելիքները:
Մասնավորապես անդրադարձ եղավ մարզպետի նախաձեռնությամբ և կառավարության որոշմամբ ստեղծված <<Սյունիքի մարզի զարգացման և ներդրման>> հիմնադրամի գործունեությանը, որին աջակցության պատրաստակամություն են հայտնել մի շարք ՀԿ-ներ, ինչպես նաև <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲԸ-ն, որը վերջին երեք ամսվա ընթացքում մարզում իրականացրել է 109,300,000 դրամի շինարարական և այլ ծրագրեր:  Վահե Հակոբյանը նշեց նաև, որ մարզպետարանի նախաձեռնությամբ և <<Հանրային Դիվանագիտություն>> բարեգործական հասարակական կազմակերպության միջոցների հաշվին կատարվել է Սիսիանի տարածաշրջանի Լոր և Շենաթաղ գյուղերի ջրամատակարարման համակարգի կառուցման համաֆինանսավորումը։ Սկսվել են Գորայք-Գորիս ճանապարհին ձնապատնեշներ տեղադրելու աշխատանքները։ Հիմնադրամի կողմից փոխհատուցվելու է ներհամայնքային թիվ 6 և 8 երթուղու 70 դրամ ուղեվարձի 20, իսկ թիվ 1 երթուղու 100 դրամ ուղեվարձի՝ 50 դրամը :
Մարզի ղեկավարը տեղեկացրեց, որ 2017 թվականին իրականացվելու են երկու՝ <<ՀՀ Սյունիքի մարզում սառնարանային տնտեսությունների, ինչպես նաև տեխնիկական մշակաբույսերի միջհամայնքային մթերման ու տեսակավորման կենտրոնների>> և <<ՀՀ Սյունիք մարզում գյուղատնտեսական սարքավորումների վարձակալության և ներդրումային ծրագիր սպասարկման կենտրոնների>> ներդրման ծրագրեր, սկսվելու են Կապանի օդանավակայանի կառուցման աշխատանքները:
Եզրափակելով իր խոսքը՝ մարզպետ Վահե Հակոբյանը շնորահավորեց ներկաներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:36:33