Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ

30.12.2016

Հարգարժա’ն սյունեցիներ,
Հաշված օրեր անց 2016 թվականը կդառնա պատմություն: Անցնող տարին Հայաստանի ու հայության համար լի էր կարևոր իրադարձություններով: Տոնելով մեր անկախության 25 ամյակը՝ մենք ևս մեկ անգամ վերահաստատեցինք, որ մեր անվտանգ գոյության և բարգավաճման գրավականն անկախ հայկական պետականությունն է: Մենք դա ապացուցեցինք ոչ միայն գործով, մեր պատրաստակամությամբ, ներդրած ջանքերով, այլ նաև կյանքի գնով, ինչի վկայությունն ապրիլյան քառօրյա պատերազմն էր, երբ հերթական անգամ հայ ժողովուրդն ու հայ զինվորն ապացուցեցին սեփական հողում ապրելու իրավունքի համար պայքարելու իրենց հաստատակամությունը: Բնականաբար, ողջ հայ ժողովրդի կողքին այս գործում իրենց պատվարժան ներդրումն ունեցան Սյունիքն ու սյունեցիները, ովքեր առանց մեկ վայրկյան իսկ երկմտելու, ձեռնամուխ եղան Արցախի անվտանգության ապահովման գործին:
Չնայած դժվարությունների՝ մեզ հաջողվեց ապահովել Արցախի ու Հայաստանի միջև կենսական կապը, իսկ մեր սյունեցի աշխարհազորայիններն էլ իրենց կյանքի գնով ապացուցեցին, որ հայրենիքի սահմաններն ամուր ու կուռ են, ինչպես միշտ: Մենք ցավում ու գլուխ ենք խոնարհում մեր բոլոր նվիրյալ մարտիկների շիրիմներին:
Սիրելի’ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ գալիք Նոր տարին ու Սուրբ Ծնունդը:
Ավարտվող տարին պատշաճ առիթ է ամփոփելու մեր ձեռքբերումները և ուղենշելու անելիքները: Անցնող տարում մեզ հաջողվել է գրեթե 100 տոկոսով իրականացնել պետական բյուջեից մարզին հատկացված միջոցներով նախատեսված բոլոր ծրագրերը՝ ընդհանուր 8.2 մլրդ դրամ արժողությամբ: Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2016թ-ին մարզի սոցիալ-տնտեսական զարգացման գործում իրենց անգնահատելի ներդրումն են ունեցել մարզում գործող ձեռնարկությունները: Բավական է նշել, որ միայն <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲԸ-ի կողմից մարզում իրականացվել է շուրջ 350 մլն դրամ արժողությամբ սոցիալական, ենթակառուցվածքային ու բարեգործական ծրագրեր:
Հարկ եմ համարում ընդգծել, որ գալիք տարում մենք ևս հանձնառու ենք լայն թափով իրականացնել մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր: Մեր գերակայությունների թվում է շարունակելու լինել հավելյալ ներդրումների ներգրավումն ու մեր ռեսուրսների արդյունավետ դիվերսիֆիկացիան:
Միանալով Ձեր օջախներում շուտով հնչելիք բազմաթիվ շնորհավորանքներին, հարգելի սյունեցիներ, ուզում եմ խոստովանել, որ իմ մեծագույն ցանկությունն է՝ տեսնել մեր միասնական ջանքերը, նվիրումն ու պատրաստակամությունը մեր մարզի ու պետության զարգացման գործում:
Թող գալիք տարին մեզ համար լինի առանցքային ու բեկումնային ձեռքբերումների տարի: Թող 2017 թվականը Ձեր ընտանիքների համար լինի հաջողությունների տարի:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
                                                                             

                                                                                      ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47