Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
28.01.2017

Սիրելի՛ սյունեցիներ,
Հայոց բանակի քաջարի՛ սպաներ և զինվորներ,
Հարգելի՛ երկրապահներ և աշխարհազորայիններ,
Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիս Բանակի օրվա կապակցությամբ:
Մեր հանրապետության անկախությամբ ծնունդ առած և փառահեղ հաղթանակներ կերտած Հայոց Բանակը բոլորում է իր հիմնադրման 25 տարին: Այն ստեղծվել և մարտական պանծալի ուղի է անցել հայ ժողովրդի մաքառումների ու հավաքական կամքի, մեր ազատության ու անկախության համար նահատակված հերոսների արյան և նրանց գործը շարունակող բազում նվիրյալ երկրապահների ջանքերի շնորհիվ:
Հայոց Բանակը, որ նորանկախ Հայաստանի ամենաարժեքավոր ու նվիրական ձեռքբերումներից է, այսօր ոչ միայն երաշխավորն է մեր անվտանգության և սահմանների անձեռնմխելիության, այլև իր մարտունակության շնորհիվ դարձել է տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովման կարևորագույն գործոն:
Այս ձեռքբերման համար մենք մեր խոնարհումը և մեր երախտագիտությունն ենք հայտնում Հայոց բանակի բոլոր զինծառայողներին և աշխարհազորայիններին, ովքեր անցած տարվա ապրիլյան պատերազմում վերստին ապացուցեցին, որ հայ մարտիկի ոգին անկոտրում է, իսկ նվիրվածությունը՝ անսահման: Ցանկանում ենք նաև մեծարման խոսք ուղղել հայ մայրերին և բոլոր նրանց, ովքեր անցած 25 տարիների ընթացքում իրենց նվիրումով ու ամենօրյա անխոնջ աշխատանքով նպաստել են մեր բանակի մարտունակությանն ու հզորացմանը:
Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ զինվորականներ և երկրապահներ, կրկին շնորհավորում ենք այս փառապանծ տոնի առթիվ՝ մաղթում խաղաղ երկինք և բարօրություն:
ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյան