Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
16.02.2017

Հաշվի առնելով լրատվամիջոցների բազմաթիվ հարցումները և կարևորելով հասարակության անաչառ տեղեկատվություն ստանալու իրավունքը, հարկ ենք համարում տալ որոշակի պարզաբանումներ <<Կապանի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի նախկին տնօրենի կողմից ՀՀ Սյունիքի մարզպետի դեմ ներկայացրած հայցադիմումի վերաբերյալ։
www.hayeli.am կայքը, (այսուհետ՝ Կայք) անդրադառնալով <<Կապանի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի նախկին տնօրեն Սմբատ Օրբելյանի կողմից ՀՀ Սյունիքի մարզպետի դեմ վարչական դատարան ներկայացված հայցին, 15.02.2017 թվականին հրապարակել է «Կապանի ԲԿ-ի նախկին տնօրեն VS Սյունիքի մարզպետ․գործը հասավ Վերաքննիչ դատարան» վերտառությամբ հոդված (http://hayeli.am/article/986950), որտեղ տարածել է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություններ դատավարության ընթացքի վերաբերյալ:
Կայքը, հղում անելով Ս. Օրբելյանի պաշտպան, ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանին, գրում է, որ «Օրբելյանի հայցն ընդդեմ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի որոշման կքննվի Վերաքննիչ դատարանում», որից հետո՝ մեջբերելով պաշտպանի խոսքը, շարունակել է, որ «Փետրվարի 23-ին Վարչական դատարանում նիստ է նշանակված, մարզպետարանից պահանջել ենք նաև այն փաստաթուղթը, որի վրա հղում է արված աշխատանքից հեռացման հրամանը....»:
Անթույլատրելի համարելով հանրային կարծիքը խեղաթյուրելուն ուղղված գործողությունները՝ անհրաժեշտ ենք համարում նախ նշել, որ Ս. Օրբելյանի՝ աշխատանքից ազատվելու մասին կարգադրությունն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցադիմումը գտնվում է քննության փուլում, այն էլ ոչ թե վերաքննիչ, այլ վարչական դատարանում: Ընդ որում, հոդվածում մատնանշվող և փետրվարի 23-ին կայանալիք նիստը ոչ թե դատական, այլ նախնական դատական նիստ է:
Ինչ վերաբերվում է հոդվածում նշված՝ մարզպետարանից պահանջված փաստաթղթին, «որի վրա հղում է արված աշխատանքից հեռացման հրամանը․․․» ապա հարկ ենք համարում նշել, որ այդ փաստաթուղթը կարգադրության համար հանդիսացել է ոչ թե հիմք, այլ խորհրդատվական բնույթ ունեցող կարծիք (կարգադրությունը՝ http://syunik.mtad.am/files/legislation/27048.pdf):
Դրանից զատ, ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ վարչական դատարանի կողմից դեռևս չկա կայացված վերջնական դատական ակտ, իսկ ԲԿ նախկին տնօրենն այն բողոքարկել է վերաքննիչ դատարան: Տրամաբանական հարց է առաջանում. <<Կապանի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի նախկին տնօրենի համար որպես «արդարության վերականգնում» դիտվում է դատարանի օրինական ուժի մեջ մտած վերջնական դատականի ակտը, թե դեռևս չկայացված դատական ակտերը վերաքննիչ դատարանում բողոքարկելու չփաստարկված ցանկությունը:
Չցանկանալով դետալացնել վերոնշյալ հարաբերությունները կանոնակարգող օրենսդրական ակտերի դրույթները, այնուամենայնիվ հարկ ենք համարում անդրադառնալ նաև Կայքի մեկ այլ հոդվածի (http://hayeli.am/article/983354), որտեղ, վկայակոչելով Ս. Օրբելյանի պաշտպան, նրա որդի Ա. Օրբելյանին, հասարակությանն ակնհայտորեն մոլորեցնող մի տեղեկատվություն ևս տարածվեց՝ թե իբրև վարչական դատարանին զուգահեռ գործը կարող է քննվել նաև, մեջբերում․ «քաղաքացիական դատարանում»։
Նախ պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետության դատական համակարգում գոյություն չունի «քաղաքացիական դատարան», այստեղ հավանաբար խոսքը գնում է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի մասին։ Բացի դա, առնվազն անհասկանալի է, թե ինչպես է նախկին փոխնախարարը տեսնում նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ գործի միաժամանակյա քննությունը երկու տարբեր դատարաններում, այն դեպքում, երբ դա բացառվում է թե քաղաքացիական և թե վարչական դատավարության օրենսգրքերով։
Կարևոր ենք համարում նշել նաև, որ գործի վերաբերյալ փաստաթղթերին կարելի է ծանոթանալ դատական տեղեկատվական համակարգից, հետևյալ հղմամբ՝ http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=38562071809900105 :