Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԸ ՈՐԵՎԷ ՀԵՏԵՎԱՆՔ ՉԻ ԹՈՂԵԼ. ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է
28.02.2017

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, այսօր, տեղական ժամանակով ժամը 10:17-ին (Գրինվիչի ժամանակով` 06:17) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.240 և արևելյան երկայնության 46.380 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Կապան քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.9 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Կապան քաղաքում՝ 5 բալ, Գորիս և Քաջարան քաղաքներում՝ 4-5 բալ ուժգնությամբ: Երկրաշարժին հաջորդել է 3.3 մագնիտուդ ուժգնությամբ մեկ հետցնցում: Ավերածություններ ու տուժածներ չկան:
ԱԻՆ մարզային փրկարարական վարչության հրահանգով, երկրաշարժից անմիջապես հետո՝ անվտանգության նորմերից ելնելով, մեկ ժամով մարդիկ կազմակերպված ձևով տարհանվել են ուսումնական հաստատություններից, նախակրթարաններից, մասնավոր ու պետական հիմնարկներից:
Իրավիճակն ամբողջությամբ վերահսկվել է ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի կողմից, ով անձամբ այցել է վթարային աստիճաններ ունեցող մի շարք օբյեկտներ ու համոզվել, որ երկրաշարժի հետևանքով որևէ ավերվածություն չի եղել: