Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

26.04.2017

 ՀՀ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Սյունիքի մարզխորհրդի այս տարվա առաջին նիստը, որը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Նիստին մասնակցեցին մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները, մարզի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարները և այլոք:
Մարզխորհրդի նիստի օրակարգային առաջին հարցի՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի 2016թ. գործունեության և մարզի սոցիալ-տնտեսական վիճակի մասին զեկուցեց ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռ. Սարգսյանը: Ներկայացվեց մարզպետարանի գործունեության կազմակերպման ընդհանուր, տարածքային կառավարման ու համայնքային, ֆինանսական, արդյունաբերական, քաղաքաշինական, գյուղատնտեսական, առողջապահական, կրթական և այլ հարցերում առկա ձեռքբերումներն ու բացթողումները: Նշվեց, որ 2016թ. ՀՀ պետական բյուջեից մարզին նախատեսված միջոցների ֆինանսավորումը կազմել է 99.0%, իսկ մարզի 72 համայնքներին նախատեսված 2543997.0 հազար դրամ դոտացիաները հատկացվել են ամբողջությամբ: Պետական բյուջեից մարզպետարանի միջոցով իրականացվող ծրագրերի և համայնքների բյուջեների գծով 2016 թվականին պարտքեր չեն առաջացել: 2016թ. ընթացքում մարզում ստեղծվել են 37 նոր կազմակերպություններ (որից 26-ը Ա/Ձ)` 108 աշխատատեղերով: Միջազգային կառույցների, հիմնադրամների և բարեգործական կազմակերպությունների միջոցով, նախնական տվյալներով իրականացվել են շուրջ 24.5 մլրդ. դրամի ներդրումային, հումանիտար և վարկային ծրագրեր` ընդգրկելով մարզի գրեթե բոլոր համայնքները: Ռ. Սարգսյանը ընդգծեց, որ մարզում որպես գերակա խնդիր շարունակում է մնալ զբաղվածության, նոր աշխատատեղերի ստեղծման և բնակչության բարեկեցության աճի ապահովման խնդիրները, որի ուղղությամբ զգալի աշխատանքներ է տանում ՀՀ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամը, որի կատարած աշխատանքների արդյունքները արդեն տեսանելի են: Մարզպետ Վ. Հակոբյանը հավելեց, որ հիմնադրամի միջոցներով իրականացվում են նաև Կապանի օդանավակայանի կառուցապատման և վերականգնման աշխատանքները, իսկ 2017 թվականին իրականացվող ծրագրերի ու աշխատանքների մասին հետագայում ավելի մանրամասն կներկայացվի:
Մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի և առկա խնդիրների վերաբերյալ զեկուցեց ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ս.Դավթյանը: Նշվեց, որ համայնքների 2017 թվականի բյուջեներով նախատեսվել են 4.636.469.7 հազար դրամ եկամուտներ, այդ թվում սեփական եկամուտներ՝ 1.566.264.7 հազար դրամ: Եռամսյա ժամանակահատվածում նախատեսված 308.990.7 հազար դրամի սեփական եկամուտների փաստացի հավաքագրումը կազմել է 354092.9 հազ դրամ կամ նախատեսվածի 114.6%-ը: 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավել է հավաքագրվել 15.391.3 հազ. դրամ. սեփական եկամուտների աճը կազմել է 4.5%: Ս. Դավթյանը ներկայացրեց այն համայնքների անունները, որոնք թերացել են սեփական եկամուտների հավաքագրման գործընթացում:
ՀՀ Սյունիքի մարզպետ Վ.Հակոբյանը հորդորեց նշված համայնքապետերին միջոցներ ձեռնարկել սեփական եկամուտները ժամանակին հավաքագրելու ուղղությամբ՝ տարվա վերջին խնդիրներից խուսափելու համար:
Օրակարգային հաջորդ հարցի՝ գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի և խնդիրների մասին ներկայացրեց ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գ. Խաչատրյանը: Նշվեց, որ ՀՀ կառավարության կողմից տրված սուբսիդավորված սերմացուներն ու պարարտանյութերն հատկացվել են նոր կարգով` պարտադիր վճարման և խիստ հաշվառման պայմաններով: Այս պահի դրությամբ մարզ է ներկրվել պարարտանյութի շուրջ 80,0%-ը, սերմացուների՝ 50,0 %-ը: Արդեն իսկ կատարվել է 9500 հա գարնանացանի և 12000 հա սնուցման աշխատանքներ: Նշվեց, որ սկսվել են ՀՀ կառավարության կողմից սուբսիդավորված վարկերի տրամադրման, լիզինգային եղանակով գյուղտեխնիկայի և գյուղգործիքների ձեռքբերման աշխատանքները: Մարզում կայուն անասնահամաճարակային իրավիճակ ապահովելու, ինչպես նաև բնակչության և կենդանիների հետ ընդհանուր վարակիչ հիվանդությունները կանխելու նպատակով <<Գյուղացիական կենդանիների պատվաստում>> ծրագրի շրջանակներում սկսվել են բրոցելոզի, դաբաղի, սիբիրախտի, նոդուլյար մաշկաբորբի, խշխշան պալարի ախտորոշիչ և կանխարգելիչ միջոցառումները` սահմանված գրաֆիկի համաձայն: Հայտնաբերված հիվանդ անասնագլխաքանակը սննդի անվտանգության մարզային տեսչության մասնագետների կողմից վերցվում է հսկողության տակ և նախատեսված ժամանակահատվածում լիկվիդացվում:
Մարզի համայնքներում 2017 թվականի 1-ին եռամսյակում և 2016 թվականի 2-րդ կիսամյակում իրականացված իրավական և մասնագիտական (վարչական) հսկողության արդյունքների մասին զեկուցեց ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ Ս. Ավետիսյանը: 2017թ. առաջին եռամսյակում ուսումնասիրություններ են իրականացվել մարզի վեց համայնքում (Աճանան, Արծվանիկ, Նորաշենիկ, Ներքին Խոտանան, Շիկահող, Գորիս): Ս. Ավետիսյնաը նշեց, որ արձանագրված բացթողումներն ու թերությունները վերացնելու համար համայնքի ղեկավարներին տրվել են հանձնարարականներ:
Նիստին օրակարգային հարցերի շրջանակներում քննարկվեցին նաև մի շարք այլ հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53