Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է <<ԹԱՏԵՐԱԿԱՆ ՍՅՈՒՆԻՔ>> ՓԱՌԱՏՈՆԸ
20.05.2017

Մայիսի 19-ին Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ <<Թատերական Սյունիք>> փառատոնի հանդիսավոր բացումը, որին ներկա էին մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, թատերական գործիչներ և այլոք: Փառատոնի մեկնարկի կապակցությամբ ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի անունից ներկաներին ողջունեց ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի մշակույթի և սպորտի բաժնի պետ Սաքո Դավթյանը:
Փառատոնը կազմակերպել է Հայաստանի թատերական գործիչների միությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության, Սյունիքի մարզպետարանի և «Հրայր և Աննա Հովնանյան» բարեգործական հիմնադրամի համատեղ ուժերով: Փառատոնի շրջանակներում հանրապետության տասը լավագույն թատրոնները ներկայացումներով հանդես կգան Կապան, Քաջարան, Մեղրի, Սիսիան և Գորիս քաղաքներում: Ներկայացումներ կունենան նաև Կապանի և Գորիսի պետական թատրոնները:
Բացման արարողությունից հետո հանդիսատեսի դատին հանձնվեց Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմադրությամբ Կ. Խոդիկյանի «Սիրային քառանկյունի» պիեսը:
<<Թատերական Սյունիք>> փառատոնի փակումը տեղի կունենա մայիսի 27-ին Գորիս քաղաքում: