Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ www.syuniacyerkir.am ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

25.05.2017

 24․05․2017-ին www.syuniacyerkir.am լրատվական կայքում հրապարակված «Կադրային խեղկատակություններ Սյունիքի բուժական հաստատություններում» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ պարզաբանում.
Վերոհիշյալ հոդվածում Syuniacyerkir.am լրատվական կայքի խմբագիր Սամվել Ալեքսանյանն անհայտ բժիշկների և քաղաքացիների անունից բաց նամակով դիմել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանին՝ մտահոգություն հայտնելով ՀՀ Սյունիքի մարզի <<բուժական հաստատություններում>> տեղի ունեցող կադրային փոփոխությունների վերաբերյալ։ Հրապարակումը պարունակում է մի շարք անճշտություններ, ինչպես նաև իրողությունն աղավաղող դրվագներ:
Մասնավորապես․
1․ Առողջապահության նախարարին ուղղված նամակում ասվում է, թե ՀՀ Սյունիքի մարզպետարանում և մարզի բժշկական կենտրոններում <<խստագույնս արգելված է լրատվամիջոցների հարցերին պատասխանել>>։ Այս պնդումը որևէ աղերս չունի իրականության հետ, քանի որ ՀՀ Սյունիքի մարզպետարանը օրենքով սահմանված կարգով մշտապես պատասխանում է տեղեկատվություն ստանալու հարցմամբ մարզպետարան դիմած բոլոր լրատվամիջոցներին, բացի այդ՝ որևէ լրատվամիջոց առ այսօր դժգոհություն չի հայտնել մարզպետարանի հետ աշխատանքից: Մարզպետարանը յուրաքանչյուր ամիս տասնյակ հարցումների է պատասխանում և մշտապես բաց է լրատվամիջոցների հետ համագործակցության հարցում:
2․Նամակում ասվում է. <<Մայիսի 23-ին Կապանի բժշկական կենտրոնի տնօրենի հերթական պաշտոնակատարին ներկայացնելիս հայտարարվեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոնները միավորվել են>>։ Անհրաժեշտ ենք համարում նշել, որ սույն թվականի մայիսի 23-ին Կապանի ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին ներկայացնելիս չի արվել բժշկական կենտրոնների միավորման վերաբերյալ որևէ հայտարարություն, առավել ևս՝ դա չի հիմնավորվել կառավարության որոշմամբ։ Չցանկանալով մտածել, որ բաց նամակի հեղինակը դիտավորյալ ապատեղեկատվություն է տարածել, ինչպես նաև կարևորելով հանրության անաչառ տեղեկատվություն ստանալու իրավունքը, խմբագրությանը խորհուրդ ենք տալիս հետայսու հիմնվել բացառապես պաշտոնական կամ բաց աղբյուրների կողմից տրամադրվող տեղեկության վրա։
3․Անդրադառնալով Կապանի ԲԿ-ի տնօրենի՝ արդեն նախկին պաշտոնակատար Ռոմիկ Սարգսյանի ազատման պատճառներին, բաց նամակում նշվել է, որ <<առանց որևէ պատճառաբանության նրան ազատում ենք զբաղեցրած պաշտոնից>>։ Պետք է նշենք, որ Կապանի ԲԿ-ի տնօրենի նորանշանակ պաշտոնակատարին ներկայացնելիս հստակ նշվել է, որ Ռոմիկ Սարգսյանի ազատումը փոխադարձ համաձայնության արդյունք է և որ վերջինիս աշխատանքային ունակություններն ավելի նպատակահարմար կլինի կիրառել վարչական աշխատանքում, ինչում Դուք առաջիկայում կհամոզվեք։ Ազատման պատճառի մասին տեղեկացվել են նաև այն լրատվամիջոցները, որոնք տեղեկատվություն ստանալու հարցմամբ դիմել են մարզպետարան: Ցավոք, Ձեր լրատվամիջոցից որևէ հարցում կամ պարզաբանում տրամադրելու դիմում մարզպետարանը չի ստացել:
Նամակում բարձրացված <<Գորիսում Սաշա Խաչատրյանին ազատում ենք եւ փոխարենը Գորիսի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար նշանակում լավ վիրաբույժի եւ կազմակերպչի համբավ ունեցող Գագիկ Թունյանին>>, մտահոգությանն ի պատասխան պետք է նշենք, որ Սաշա Խաչատրյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն՝ «այլ բնակավայր տեղափոխվելու» հիմնավորմամբ։
Ինչ վերաբերում է Գորիսում հարգված բժիշկ և կազմակերպիչ Լևոն Հարությունյանին <<մի քանի օր հետո աշխատանքից ազատելուն>>, ապա պետք է նշել, որ պարոն Հարությունյանին հանձնարարված է եղել կատարել բժշկական կենտրոնի տնօրենի պարտականությունները մինչև այդ պաշտոնում համապատասխան նշանակում կլիներ։ Պարոն Հարությունյանը երբևէ նշանակված չի եղել Գորիսի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնում։
4․ <<Սիսիանի հիվանդանոցում>> տնօրենի փոփոխությանը վերաբերող հատվածում նշվում է, որ <<Սվետլանա Իսախանյանը ստիպված է լինում դիմում գրել եւ հեռանալ>>։ Այս դիտարկման վերաբերյալ պետք է նշենք, որ տիկին Իսախանյանն ազատվել է Սիսիանի ԲԿ տնօրենի պաշտոնից՝ պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ և շարունակում է իր մասնագիտական գործունեությունը նույն բժշկական կենտրոնում՝ որպես բժիշկ։
Ցանկանում ենք հավելել, որ Ռոմիկ Սարգսյանի ղեկավարման ընթացքում Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի կարգադրությամբ և անմիջական մասնակցությամբ իրականացվել են մի շարք քայլեր ՝ հիվանդանոցի աշխատանքի թափանցիկությունն ու սպասարկման որակը բարձրացնելու ուղղությամբ: Վստահեցնում ենք, որ իրականացվող կադրային փոփոխությունները բացառապես պայմանավորված են ՀՀ Սյունիքի մարզի բնակչությանը որակյալ բուժօգնություն տրամադրելու և բուժհաստատության կառավարման արդյունավետությունը բարձրացնելու ռազմավարությամբ:
Մի շարք այլ անճշտություններից բացի, Ձեր կայքի հրապարկման մեջ առկա են Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին հասցեագրված անհիմն մեղադրանքներ, որոնց պատասխանելու ցանկությունն ինքնին չեզոքանում է դրանց էության խիստ սուբյեկտիվ և իրականության հետ աղերս չունենալու փաստի հետևանքով։

Կրկին վերահաստատում ենք լրատվամիջոցների հետ օրենքով սահմանված կարգով համագործակցելու մեր մշտական պատրաստակամությունը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-04 09:33:11