Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՄԱՐԶԻ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ (տեսանյութ)

29.08.2017



 2017-18 ուսումնական տարվան ընդառաջ օգոստոսի 28-ին Գորիսում տեղի ունեցավ մարզի կրթության ոլորտի աշխատողների օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը, որը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Խորհրդակցությանը ներկա էր ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Մարզի ղեկավարն, ամփոփ ներկայացնելով նախորդ ուսումնական տարում մարզի կրթական ոլորտում ունեցած հաջողությունները, նշեց, որ դպրոցականների առարկայական օլիմպիադաներին մասնակցել են մարզի հանրակրթական դպրոցների շուրջ 4500 աշակերտ, որոնցից 100-ը մասնակցել է նաև հանրապետական փուլին. 20 մասնակից արժանացել է դիպլոմների, 13-ը` գովասանագրերի: «Գերազանցության մեդալի» հավակնորդ 39 աշակերտից 33-ը, նախորդ տարվա 31-ի դիմաց, կարողացել են հաջողությամբ հաղթահարել քննական շեմը և արժանանալ Գերազանցության մեդալի: Մարզի 1071 շրջանավարտներից 617-ը միասնական քննության հայտ էր ներկայացրել։ Վահե Հակոբյանն անդրադրաձավ նաև ոլորտում առկա բացթողումներին: Նշվեց, որ նախորդ ուսումնական տարում իրականացված ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ, որոնց պատասխանատուների նկատմամբ կկիրառվեն համապատասխան կարգապահական տույժեր, իսկ ամբասիր աշխատողները կպարգևատրվեն և կխրախուսվեն։ Առկա թերությունները վերացնելու համար մարզի ղեկավարը և՛ դպրոցների տնօրեններից, և՛ ուսուցչական անձնակազմից, և՛ մարզպետարանի աշխատակազմից պահանջեց քրտնաջան և հետևողական աշխատանք: Վահե Հակոբյանը նաև տեղեկացրեց, որ այս տարի առաջին դասարան հաճախող աշակերտներին ԶՊՄԿ ՓԲԸ-ի կողմից կտրամադրվեն դպրոցական անհրաժեշտ պարագաներ։

Օրակարգային հարցերի շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզի հանրակրթության ոլորտում 2016-2017 ուսումնական տարում իրականացված աշխատանքների, առկա խնդիրների և նոր ուսումնական տարվա անելիքների մասին զեկուցեց ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը:
Խորհրդակցությանը իրենց կրթական հաստատություններում առկա հիմնախնդիրների և արձանագրած հաջողությունների մասին ելույթներով հանդես եկան Գորիսի թիվ 5, Կապանի թիվ 7 հիմնական և Եղեգի միջնակարգ դպրոցների տնօրենները:
ՀՀ Կրթության և գիտության նախարար Լ. Մկրտչյանը ներկայացրել է հանրակրթության ոլորտում նախատեսվող բարեփոխումներն ու հիմնական առաջնահերթությունները: Նախարարը նաև պատասխանել է մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների կողմից բարձրացված հարցերին, որոնք վերաբերել են դպրոցների օպտիմալացման, դասագրքերի որակի, փոքր դպրոցներում ուսուցիչների հաստիքների համալրման կարգին և այլն: Նախարար Լ. Մկրտչյանը նշեց, որ առաջիկայում Սյունիքի մարզում դպրոցների օպտիմալացում չի սպասվում:
Ամփոփելով մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունը, մարզպետ Վահե Հակոբյանը շնորհավորել է կրթության ոլորտի պատասխանատուներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով նրանց արդյունավետ աշխատանք ու նորանոր ձեռքբերումներ:


Տեսանյութը՝ <<Խուստուփ Թիվի>> հեռուստաընկերության

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-15 17:38:02