Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԼԵՌՆԱՁՈՐՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՄԱՆԿԱՎԱՐԺ ՌՈԲԵՐՏ ԷՋԱՆԱՆՑՈՒՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆ-ԿՈԹՈՂ

01.09.2017

 Այսօր Լեռնաձորի հիմնական դպրոցի բակում տեղի ունեցավ դպրոցի երկարամյա տնօրեն, անվանի մանկավարժ Ռոբերտ Գրիգորյանի (Էջանանցի) հիշատակին նվիրված հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությունը: Հուշակոթողի բացման պատիվը տրվեց ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին և Էջանանցու դուստր, Լեռնաձորի հիմնական դպրոցի տնօրեն Ծովինար Գրիգորյանին: Քաջարանի հոգևոր հովիվ Տեր Շիրակ քահանա Խանոյանը կատարեց հուշաքարի օրհնության կարգ, որից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին մեծ ուսուցչի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
<<Իր հարազատ դպրոցում գրքի տեսքով հուշաքար տեղադրելու գաղափարն ու երազանքը Էջանանցունն էր, որը իրականություն դարձավ մարզպետ Վահե Հակոբյանի աջակցությամբ>>,-իր խոսքում նշեց Ծովինար Գրիգորյանը՝ շնորահակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր իրականություն դարձրին հոր երազանքը և շարունակում են վառ պահել Ռոբերտ Էջանանցու հիշատակը:
Մարզպետ Վահե Հակոբյանն իր խոսքում ընդգծել է, որ պատահական չէ գիտելիքի ու դպրության օրը նշանավորել նաև այս կարևոր իրադարձությամբ, քանի որ Էջանանցին, հավատարիմ մնալով ուսուցչի իր կոչմանը, մեծ ներդրում է ունեցել մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում: Մարզպետ Վահե Հակոբյանը դպրոցի գերազանց առաջադիմությամբ աշակերտներին հանձնել է գովասանգրեր, շնորհավորել աշակերտներին ու մանկավարժներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրանք կպահպանեն Էջանանցու թողած հարուստ ժառանգությունը:
Միջոցառմանը շնորհակալական խոսքով ելույթներ ունեցան նաև Լեռնաձորի համայնքապետ Ստեփան Պետրոսյանը, ԶՊՄԿ ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանը, աշակերտներ ու ծնողներ:
Հուշարձան-կոթողի հեղինակներն են քանդակագործներ Կարեն և Արթուր Սաղաթելյանները:
Մանկավարժ Ռոբերտ Գրիգորյանը 46 տարի աշխատել է Լեռնաձորի հիմնական դպրոցում նախ որպես մաթեմատիկայի ուսուցիչ, հետո՝ ուսմասվար, ապա՝ տնօրեն: Հեղինակ է 600-ից ավելի հոդվածների, մենագրությունների, ակնարկների, եղել է համամիութենական և հանրապետական ուսուցիչների համագումարների պատգամավոր, Քաջարան, Կապան քաղաքների և Լեռնաձոր գյուղական համայնքի` պատվավոր քաղաքացի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:36:33