Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻՆ (տեսանյութ)
19.09.2017

Մարզպետ Վահե Հակոբյանը սեպտեմբերի 15-ին Գորիսի համայնքապետարանի աշխատակազմին, ավագանու անդամներին և համայնքային ենթակայության կազմակերպությունների ղեկավարներին է ներկայացրել համայնքի ղեավարի ժամանակավոր պաշտոնակատար Առուշ Առուշանյանին: Վահե Հակոբյանը շնորհավորել է Առուշ Առուշանյանին նոր պաշտոնում նշանակավելու կապակցությամբ: Մարզի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Առուշ Առուշանյանը կարողանալու է նոր շունչ հաղորդել քաղաքապետարանի աշխատանքներին և պատշաճ կերպով իրականացնել իր առջև դրված բոլոր խնդիրները:
Գորիսի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Առուշ Առուշանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել մարզպետ Վահե Հակոբյանին և ՀՀ կառավարությանը վստահության համար: Նա հավաստիացրել է, որ քաջածանոթ լինելով համայնքի խնդիրներին, կգործադրի բոլոր ջանքերը՝ թեթևացնելու Գորիսի և գորիսեցիների հոգսերը: Հանդիպմանը մարզպետ Վահե Հակոբյանն ու Գորիսի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Առուշ Առուշանյանը պատասխանեցին ներկաների մտահգող հարցերին, որից հետո Վահե Հակոբյանը խորհրդակցություն անցկացրեց համայնքի ավագանու անդամների հետ:
Նշենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Առուշ Գագիկի Առուշանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, ով համայնքը ղեկավարելու է մինչև նոյեմբերի 5-ը: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ 2017 թվականի նոյեմբերի 5-ին Սյունիքի մարզի Գորիս համայնքում կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Սեպտեմբերի 8-ին ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցը հրաժարական էր ներկայացրել: Սեպտեմբերի 11-ին համայնքի ավագանին կազմել է համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրությունը, որը ներկայացվել է ՀՀ կառավարություն և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:
Տեսանյութը՝ <<Խուստուփ Թիվի>> հեռուստաընկերության