Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

20.09.2017

 Սիրելի՛ հայրենակիցներ
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ։
Լինելով ազատատենչ Հայկի արժանավոր ժառանգներ՝ մեր սերունդը վերահաստատեց նախնիների ազատ, անկախ ապրելու կամքն ու վճռականությունը, իրականություն դարձրեց մեր պապերի երազանքներն ու ձգտումները։
Հայերս աշխարհի հնագույն ազգերից մեկն ենք և մեր հարուստ պատմության ընթացքում ունեցել ենք վերելքներ ու վայրէջքներ։ Մեր հաղթանակների մեծ մասը մենք կերտել ենք անկախության պայմաններում, իսկ պարտությունների մեծ մասը պետականության կորստի հետևանք են։
1991թ-ին հայկական հինավուրց հողի վրա նորից վերականգնվեց պետականությունը, մենք վերստին դարձանք ինքնիշխանություն ունեցող արժանապատիվ ազգերի ընտանիքի լիիրավ անդամ։ Հեշտ չի տրվել մեզ անկախությունը, և առաջին տարիներին մեր ժողովուրդը ստիպված է եղել կյանքի ու արյան գնով պաշտպանել անկախ ապրելու իր իրավունքը և լուծել գոյատևման խնդիրներ՝ արցախյան պատերազմ, շրջափակում, տնտեսական ճգնաժամ, փախստականներ…
Եվ ի պատիվ մեր հերոսական ժողովրդի՝ կարողացանք այդ ծանր իրավիճակը հաղթահարել փոքր կորուստներով և արժանապատվորեն։
Այս տոնական օրը նորից երախտագիտությամբ հիշենք անկախության զոհասեղանին իրենց կյանքը նվիրաբերած և մեզ հպարտություն պարգևած հաղթանակած քաջորդիներին։ Գլուխ խոնարհենք նրանց հերոսության առաջ:
Փառք ու պատիվ նրանց։
Սիրելի հայրենակիցներ
Մեր իրականության մեջ դեռևս առկա են բացասական երևույթներ՝ անարդարություններ, դժվարություններ, սխալներ, բայց դրանք հաղթահարելի ու լուծելի են։
Համոզված եմ, որ սահմանադրական փոփոխություններով սկիզբ առած համակարգային բարեփոխումներն այլևս անշրջելի են, և առաջիկայում արձանագրելու ենք մեծ հաջողություններ կյանքի բոլոր ոլորտներում: Յուրաքանչյուրիս պատասխանատվությունն ու դերակատարությունն իրականություն են դարձնելու մեր պատկերացումների Հայաստանը։
Կրկին շնորհավորելով անկախության տոնի առթիվ՝ ցանկանում եմ խաղաղ երկինք, ստեղծագործական աշխատանք, բարեկեցիկ կյանք, նպատակների իրագործում։
Կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովրդի հավերժության ընթացքին ուղեկցող անկախությունը։

 ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյան

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47