Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ՄԵԿ ՏԱՐԻՆ (տեսանյութ)

09.10.2017



 Հոկտեմբերի 6-ին մարզպետ Վահե Հակոբյանը ՀՀ Սյունիքի մարզպետարանում անցկացրել է մամլո ասուլիս, որին մասնակցում էին հանրապետական և մարզային լրատվամիջոցները: ՀՀ Սյունիքի մարզպետն ամփոփել է պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները, ներկայացրել առաջիկա անելիքները: Վահե Հակոբյանը նախ ողջունել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ու շնորհակալություն հայտնել նրանց՝ մարզ այցելելու և ասուլիսին մասնակցելու համար, ապա ամփոփ տեղեկատվություն ներկայացրել մարզի սոցիալ-տնտեսական, առողջապահական, կրթական, մշակութային և այլ ոլորտներում իրականացված աշխատանքների ու դրանց ընթացքի, ինչպես նաև առաջիկա ծրագրերի մասին:
Վահե Հակոբյանը նշել է, որ 2017 թվականի առաջին կիսամյակի վերջերից մեկնարկած Կապանի օդանավակայանի վերանորոգման աշխատանքները նոր ընթացք են ստանում: Ներկայումս սկսվել է Կապանի օդանավակայանի ուղևորային համալիրի շինարարությունը, իսկ շահագործումը նախատեսվում է 2018 թվականին: Մարզի ղեկավարը տեղեկացրեց, որ երկու օր առաջ կնքել են պայմանագիր չեխական ավիաընկերության հետ ու գնել L-410 մակնիշի ինքնաթիռ: Չեխական Լ-410 տիպի օդանավը նախատեսված է 19 ուղևորի համար, որը կատարելու է չվերթեր Կապանից-Երևան ու հակառակ ուղղությամբ: Ինքնաթիռի համար վճարվել է 5․5 մլն եվրո, որից 1․5 միլիոնը տրամադրել են <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲԸ-ն և <<Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամը>>, իսկ մնացած 4 միլիոնը լիզինգի տեսքով է տրամադրվել, որը մարվելու է շահագործումից հետո:
Ինքնաթիռի տոմսի արժեքը դեռևս վերջնական հաշվարկված չէ, բայց նախնական երկկողմանի տեղափոխությունը լինելու է 30-40 հազար դրամի սահմաններում։ Մարզպետի փոխանցմաբ, <<Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամը>> արդեն պատրաստակամություն է հայտնել սուբսիդավորել բուժսպասարկման նպատակով շտապ Երևան տեղափոխվելու կարիք ունեցող անձանց տոմսերի գումարը. ուսանողների համար ևս կգործեն հատուկ սակագներ:
Վահե Հակոբյանը նաև տեղեկացրեց, որ մարզպետարանը բանակցում է Թավրիզի նահանգապետի հետ՝ իրանցի զբոսաշրջիկներին Կապանից ինքնաթիռով Երևան տեղափոխելու համար: 
Սյունիքում իրականացվող այլ ներդրումային ծրագրով, առաջիկայում Կապանում իտալացի գործարար Նիկոլա Դի Մաուրոյի նախաձեռնությամբ և մարզային իշխանության աջակցությամբ բացվելու է իտալական պիցցայի գործարան։
Կիսաֆաբրիկատ պիցցան պատրաստվելու է տեղական արտադրության մթերքից և նախապատվությունը տրվելու է Սյունիքի արտադրողներին։ Գործարանի շահագործումը նաև 50 աշխատատեղ կստեղծի կապանցիների համար։ Իտալացի ներդրողների հետ համագործակցությամբ նախատեսվում է մարզում իրականացնել մեկ այլ ծրագիր ևս. Կապանում գործելու է կարի արտադրամաս, որտեղ արտադրվելու են համաշխարհային բրենդային հագուստներ: Կարի արտադրամասը կստեղծի 500 աշխատատեղ:
Մեկ այլ ծրագրով Կապանում բացվելու է «Մուլտի բրենդ աութլեթը», որտեղ ներկայացված են լինելու Zara, Bershka, Stradivarius, Pull and Bear, Newlook և այլ բրենդեր։ Ըստ Հակոբյանի՝ սա մեծապես կնպաստի իրանցի զբոսաշրջիկների հոսքին, ինչպես նաև սյունեցիներին հնարավորություն կտա մատչելի գներով ձեռք բերել բրենդային հագուստ: Նախատեսվում է «Կապան մոլ» առևտրի կենտրոնում բացել <<Կապան սթար>> կինոթատրոնը, որը հնարավորություն կտա Կապանում ցուցադրել արտասահմանյան արտադրության լավագույն ֆիլմեր:
Մարզպետը նաև ներկայացրեց <<Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամի>> կողմից Կապանի թիվ 1 հիմնական դպրոցում իրականացվող «Զանգի» կրթական նոր նախագիծը, որի հիմնական նպատակն է նպաստել մարզի բնակիչների, մասնավորապես, երեխաների և երիտասարդների, բնապահպանական, գյուղատնտեսական և տուրիստական ոլորտներում գիտելիքի զարգացմանն ու նորարարական հմտությունների ներդրմանը։ Դասարաններին կից կառուցվելու են նորարարական՝ ակվապոնիկայի սկզբունքով գործող ջերմոցներ, որոնք գործելու են որպես կրթական բազա՝ գյուղատնտեսական և բնապահպանական դասընթացների համար։ Մարզպետի փոխանցմամբ, ծրագիրը դեռևս իրականացվում է միայն Կապանի թիվ 1 հիմնական դպրոցում, բայց դրա մեջ հետագայում ներառվելու են նաև Մեղրիի, Գորիսի և Սիսիանի մեկական դպրոցներ:
Մարզի ղեկավարը նշել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացվել 8 ներդրումային ծրագիր՝ 12.2 մլրդ դրամի ընդհանուր ներդրումների ծավալով, որից 2՝ <<Գյուղատնտեսական տեխնիկայի վարձակալական կենտրոնների հիմնադրում>> և <<Սառնարանային տնտեսությունների հիմնում>> ներդրումային ծրագրերը հավանության են արժանացել, իսկ մեկ ծրագրի շուրջ ներկայումս քննարկումներ են ընթանում:
Մարզպետի խոսքով մարզկենտրոնից բացի մարզի մյուս քաղաքներում ևս ներդրումային ծրագրեր կան։ Գորիսում նախատեսվում է զարգացնել երկու ուղղություն՝ տուրիզմը և ՏՏ ոլորտը։ Սիսիանում առաջնային է համարվելու գյուղտնտեսության զարգացումը։ Իսկ Մեղրիում կառուցվելու է խաղատուն, որը ուղղված է իրանական շուկային:
Հանդիպմանը մարզպետ Վահե Հակոբյանը պատասխանեց լրագրողների հարցերին, որից հետո մարզի ղեկավարը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ այցելել է Կապանի օդանավակայանի շինհրապարակ, Իտալական պիցցայի արտադրամաս, Կապանի բժշկական կենտրոնում վերջերս բացված <<Հայկական ակնաբուժության նախագծի Կապանի մարզային ակնաբուժական կենտրոն>>, <<Կապան մոլ>> առևտրի կենտրոն, <<Ագրոբիոպրոդուկտ>> ընկերություն, Կապանի թիվ 1 հիմնական դպրոց, որտեղ լրագրողները գործնականում ծանոթացան իրականացված ու իրականացվող աշխատանքներին:
 

Տեսանյութը՝ ԱՐՄԵՆԻԱ հեռուստաընկերության

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53