Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացել է ՀՀ Սյունիքի մարզխորհրդի նիստը

28.12.2017

 Դեկտեմբերի 27-ին Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Սյունիքի մարզխորհրդի այս տարվա վերջին նիստը, որը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Նիստին ներկա էին մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները, մարզի համայնքների ղեկավարներ և այլք: Օրակարգում ընդգրկված առաջին հարցի՝ 2017 թվականի 3-րդ և 4-րդ եռամսյակներում ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքների, խոշորացված համայնքների առաջիկա խնդիրների մասին զեկուցեց ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ Ս. Ավետիսյանը: Նշվեց. որ մարզի համայնքներում 2017 թվականի 3-րդ և 4-րդ եռամսյակներում աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրություններ են իրականացվել մարզի 7 համայնքներում (Սիսիան, Տաթև, Տեղ, Մուծք, Շենաթաղ, Սալվարդ և Մեղրի): Կատարված ուսումնասիրությունների արդյունքում կազմվել են արձանագրություններ, դրանց մի օրինակը տրամադրվել համայնքի ղեկավարին, իսկ ուսումնասիրությունների նյութերը տեղադրվել են մարզպետարանի պաշտոնական կայքում: Արձանագրված թերությունները վերացնելու և շտկելու համար համայնքների ղեկավարներին տրվել են հանձնարարականներ և դրանց կատարումը վերցվել հսկողության: Ս. Ավետիսյանը նաև անդրադարձավ այն բացթողումների և խախտումների մասին, որոնք արձանագրվել են համայնքներում:
Մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի և առկա խնդիրների մասին զեկուցեց ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ս. Դավթյանը: Նշվեց, որ 2017 թվականի դեկտեմբերի 27-ի դրությամբ ՀՀ Սյունիքի մարզի համայնքների 2017թ. բյուջեներով նախատեսվել են 4,812,853.3 հազար դրամ եկամուտներ, այդ թվում սեփական եկամուտներ՝ 1.649.548.8 հազար դրամ: Սեփական եկամուտների փաստացի հավաքագրումը կազմում է 1.618.809.2 հազար դրամ կամ նախատեսվածի 98.1%: Ս. Դավթյանը նշեց, որ 2016 թվականի համեմատ ավել է հավաքագրվել 227.516.2 հազար դրամ. սեփական եկամուտների աճը կազմել է 16.4%: Ս.Դավթյանը համայնքների ղեկավարներին առաջարկեց մինչև տարվա վերջ միջոցներ ձեռնարկել ՝ 100 տոկոսանոց տարեկան ցուցանիշ ապահովելու համար:
Մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսուցման և դաստիարակության գործընթացի հետ կապված կազմակերպական հարցերի, առկա խնդիրների և առաջիկա անելիքների մասին ներկայացրեց ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Մ. Գանդալյանը: Իսկ ՀՀ Սյունիքի մարզպետարանում անցկացված քաղաքաշինական ոլորտի տեսչական ստուգումների և մարզի համայնքներում իրականացված վարչական հսկողության արդյունքների մասին զեկուցեց ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ռ. Ավետիսյանը: Նշվեց, որ ստուգումների ընթացքում ուսումնասիրվել են համայնքի կողմից մարզպետարան ներկայացված հողհատկացման առաջարկությունների, շինարարության և քանդման թույլտվությունների, ավարտված շինարարության շահագործման փաստագրման ակտերի համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը: Ստուգման ժամանակահատվածում թվով 401 համայնքների կողմից մարզպետարան է ներկայացվել 80 առաջարկ, որից 38-ը վերաբերում է հողամասերի նպատակային, 22-ը՝ գործառնական նշանակության, 13-ը՝ գլխավոր հատակագծերի փոփոխման և 7-ը՝ ՃՀԱ-ների ու նախագծերի համաձայնեցումներին:
Ամփոփելով մարզխորհրդի նիստը` Վ.Հակոբյանը համայնքների ղեկավարներին առաջարկել է հետևողական աշխատանքներ տանել համայնքապետարաններում առկա թերություններն ու բացթողումները վերացնելու, սեփական-եկամուտների հավաքագրման գործընթացն արդյունավետ իրականացնելու ուղղությամբ: Մարզի ղեկավարը ընդգծեց, որ 2018 թվականին մարզի կրթության որակի բարձրացմանն ուղղված կրթական ոլորտում մեծ բարեփոխումներ կիրականացվեն: Եզրափակելով իր խոսքը՝ մարզպետ Վահե Հակոբյանը շնորհավորեց ներկաներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 15:18:29