Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց ՀՀ Սյունիքի մարզխորհրդի նիստը

20.02.2018

   Այսօր Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Սյունիքի մարզխորհրդի այս տարվա առաջին նիստը, որը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Նիստին ներկա էին մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները, մարզի համայնքների ղեկավարներ ու ավագանիներ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, ԶԼՄ-ների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլք: Օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռ. Սարգսյանը ներկայացրեց ՀՀ Սյունիքի մարզպետի 2017թ. գործունեության և մարզի սոցիալ-տնտեսական վիճակի մասին հաշվետվությունը: Նշվեց, որ 2017 թվականին մարզի բոլոր համայնքներում, նախնական տվյալներով իրականացվել են շուրջ 44.74 մլրդ. դրամի զարգացման, ներդրումային և վարկային ծրագրեր: Մարզի առջև ծառացած խնդիրների լուծման, փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցման և մարզի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման նպատակով, ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է «Սյունիքի մարզի զարգացման և ներդրման» հիմնադրամը: Հիմնադրամը 2017թ. իրականացրել է մոտ 390.0 մլն. ներդրումային ծրագրեր, որից` առողջապահության ոլորտում 16.8 մլն դրամ, կրթության ոլորտում` 51.2 մլն. դրամ, մշակույթ` 20.0 մլն.դրամ, սոցիալական` 88.7 մլն. դրամ, քաղաքաշինություն` 87.0 մլն. դրամ, համայնքներին ցուցաբերված օգնությունը` 75.5 մլն. դրամ և այլն: Մարզպետի անմիջական նախաձեռնությամբ զգալի ներդրումներ են ներգրավվել Կապանի օդանավակայանի վերագործարկման պիցցայի արտադրության կազմակերպման ժամանակակից կինոթատրոնի և բրենդային հագուստի խանութի բացման ուղղությամբ:
 2017 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջեից մարզին հատկացված միջոցների ֆինանսավորումը կազմել է 99.4%, այդ թվում դոտացիաները` 100%: Համայնքների բյուջեներն ընդհանուր եկամուտների մասով կա¬տար¬վել են 100.4%, իսկ սեփա¬կան եկամուտները ՝ 102.4%:
Անդրադառնալով <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքներին, նշվեց, որ մարզի տարածքում գույքագրած 137 աղբավայրերց մինչև տարեվերջ վերացվել է 83-ը: Տնտեսվարող սուբյեկտների հետ կնքված պայմանագրերի թիվը 1620-ից հասցվել է 1862-ի:
Գյուղատնտեսության ոլորտում, ըստ արձանագրված արդյունքների, 2017թ. ընթացքում մարզում գյուղատնտեսությամբ զբաղվել են 18050 գյուղացիական և ֆերմերային տնտեսություններ, գյուղատնտեսական մթերքների վերամշակմամբ և արտադրությամբ` 60 կազմակերպություններ: Կատարվել է աշնանացան` 11058.3հա, նախորդից` 535.3հա-ով ավել, 5278.7 հա գարնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքս: Տարվա ընթացքում տեխնիկայի բազան որոշակի քանակությամբ թարմացվել է. ձեռք է բերվել 2 միավոր կոմբայն և 24 միավոր տրակտոր՝ իրենց գյուղգործիքներով: Մարզում 2017թ. կատարված ցանքսն ամբողջովին հնձվել է:
 Նշվեց, որ մարզում գործող բոլոր առողջապահական կազմակերպությունների պետական պատվերի գլոբալ բյուջեն կազմել է 2.14 մլրդ դրամ, որից 1.09 մլրդ դրամ արտահիվանդանոցային և 1.05 մլրդ դրամ հիվանդանոցային ծառայությունների գծով: 2017 թվականին պետական պատվերի գլոբալ բյուջեի կատարողականը կազմել է 2.09 մլդ.դրամ (98.% ): Ֆինանսական փոխհատուցումը իրականացվել է 100%:
 2017թ. առարկայական oլիմպիադաների հանրապետական փուլի մասնակից 200 աշակերտներից 33-ը գրավել են մրցանակային տեղեր։ 2017թ. «Գերազանցության մեդալի» հավակնորդ 39 աշակերտից 33-ը, նախորդ տարվա 31-ի դիմաց, արժանացել են Գերազանցության մեդալի: «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթի եզրափակիչ` հանրապետական փուլում հաղթող է ճանաչվել մարզի Եղեգի միջնակարգ դպրոցի տնօրենը: Դասագրքերի վարձավճարների հավաքագրման գործում Սյունիքի մարզն ապահովել է ամենաբարձր ցուցանիշը՝ 100%:
Նիստին ներկայացվեց նաև տեղեկատվություն մարզում 2018 թվականի համար նախատեսված միջոցառումների ծրագրերի, կատարման ժամկետների և ակնկալվող արդյունքների մասին:
ՀՀ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամի տնօրեն Զ. Մեղրյանը տեղեկատվություն ներկայացրեց 2018 թվականին հիմնադրամի կողմից նախատեսված աշխատանքների վերաբերյալ: Նշվեց, որ հիմնադրամը ՀՀ Սյունիքի մարզպետարանի հետ համատեղ, մասնագիտացված կազմակերպության հետ համագործակցությամբ՝ իրականացնելու է մարզի տնտեսական զարգացմանն ուղղված ռազմավարություն, որը ներառելու է կոնկրետ բիզնես ծրագրեր, որոնց իրականացման և ներդրումներ ներգրավվելու նպատակով նախատեսում է հանդիպումներ կազմակերպել արտերկրյա գործարարների (Ռուսաստան, Ուկրաինա, Լիբանան և այլն) հետ: Նաև իրականացնում է մարզի գյուղացիական տնտեսություններին ազոտական պարարտանյութով ապահովելուն ուղղված աշխատանքները, որի արդյունքում այսօր մարզի գյուղացիներին և գյուղացիական տնտեսություններին մատակարարվում է շուկայականից ցածր գնով ազոտական պարարտանյութ: Հիմնադրամը մարզի մեղվապահների հետ սկսել է պիլոտային ծրագիր մեղրի արտադրության ոլորտում՝ աշխատանքները ընթացքի մեջ են, որի արդյունքները տեսանելի կլինեն սեպտեմբեր ամսին: Զինավոր Մեղրյանի փոխանցմամբ, մարզում տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի հետ զուգահեռ, հիմնադրամը շարունակելու է 2017 թվականին որդեգրած քաղաքականությունը. այն է` իրականացնել ծրագրեր սոցիալական, կրթական և առողջապահական ոլորտներում, մասնավորապես. մշտական օժանդակության ցուցաբերում սոցիալապես անապահով ընտանիքներին, շարունակվում է Էջանանցու անվան կրթաթոշակի հատկացումը, << Դպրոցական տաք սնունդ>> ծրագրով 34 խոհարարների ֆինանսական աջակցությունը, ուսման վճարների փոխհատուցումը` պայմանագրային հիմունքներով, շարունակվում է բնակչության բնակարանային պայմանների բարելավման աշխատանքները, Կապան քաղաքում տրանսպորտի սակագների փոխհատուցման նպատակով դոտացիայի տրամադրումը, ապրիլյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանիքների ամենամսյա ֆինանսական աջակցությունը և այլն։
 Նիստին <<Գորիսի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի տնօրեն Ս. Աֆանդյանը տեղեկատվություն ներկայացրեց բուժհաստատությունում 2017 թվականին իրականացված ծրագրերի և բարեփոխումների վերաբերյալ: Նշվեց, որ բժշկական կենտրոնի աշխատակազմը  համալրվել է  լավագույն բժիշկներով, որի արդյունքում ավելացել է տարածաշրջանի բնակչության վստահությունը կենտրոնի նկատմամբ:
Ամփոփելով մարզխորհրդի նիստը՝ Վահե Հակոբյանը նշեց, որ Կապանում գործող պիցցայի արտադրամասը 2018 թվականին նախատեսում է ունենալ մոտ 70 աշխատատեղ՝ կախված արտադրության ծավալներից, իսկ Քաջարան համայնքի Լեռնաձոր բնակավայրում կսկսի աշխատել ևս մեկ գործարան՝ մոտ 500.000 ԱՄՆ դոլար ներդրումային արժողությամբ տրիկոտաժի ֆաբրիկան, որը ապահովելու է 100 աշխատատեղ, իսկ արտադրանքն արտահանվելու է Ուկրաինա: Անդրադառնալով զբոսաշրջությանը՝ մարզի ղեկավարը ընդգծեց, որ 2018 թվականի ընթացքում, ընդհանուր առմամբ, նախատեսվում է մարզում առանձնացնել և թիրախավորել շուրջ 30 զբոսաշրջային տարածք։ Արդեն ներկայացվել են մի շարք ներդրումային ծրագրեր, ինչպիսիք են, օրինակ` մարզում առաջին զիպլայնի նախագիծը, էկո գյուղերի ստեղծումը, աշխարհում լայն տարածում ունեցող «Bаd and breakfast» հյուրընկալման ֆորմատի զարգացումը և այլն: Վահե Հակոբյանը նաև տեղեկացրեց, որ մեծ բարեփոխումներ կլինեն գյուղատնտեսության բնագավառում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-19 09:38:41