Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվեց «Կորյուն» ռազմամարզական խաղերի մարզային փուլը (տեսանյութ)
01.03.2018

Փետրվարի 28-ին մարզկենտրոնում անցկացվեց «Կորյուն» ռազմամարզական խաղերի մարզային փուլը, որին մասնակցել են մրցույթի տարածքային փուլերում առաջին տեղը զբաղեցրած մարզի համայնքների 8 թիմեր:
Յուրաքանչյուր թիմի կազմում ընդգրկված էր 8-12-րդ դասարանների 10 աշակերտ` երկու աղջիկ և ութ տղա: Նրանք մրցել են հինգ մրցաձևերից: Մրցույթի մարզային փուլում առաջին, երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Գորայքի, Քաջարանի թիվ 1 և Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցների թիմերը: Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը ՀՀ Սյունիքի մարզպետի կողմից պարգևատրվել են պատվոգրերով և շնորհակալագրերով:
«Կորյուն» ռազմամարզական խաղերն անցկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ, որը նպատակ ունի բարելավել սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության գործընթացն ու բարձրացնել «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման արդյունավետությունը:
Հավելենք, որ մրցույթի հանրապետական փուլը տեղի է ունենալու ապրիլ ամսին՝ Երևանում:
Տեսանյութը՝ ԶԱՆԳԵԶՈՒՐ TV-ի