Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Համատեղ համերգ Խնձորեսկի երաժշտական դպրոցում
26.03.2018

Մարտի 23-ին Գորիս համայնքի Խնձորեսկ գյուղի երաժշտական դպրոցի դահլիճում՝ 50 երեխաների մասնակցությամբ կազմակերպվեց Շինուհայրի և Խնձորեսկի երաժշտական դպրոցների համատեղ համերգը՝ նվիրված ՀՀ մշակույթի նախարարության կից գործող «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի 10-րդ տարեդարձին: Դպրոցների սաները ներկայացրեցին հայկական ազգային երաժշտություն, հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ, ելույթ ունեցան դպրոցների երգչախմբերը: Երեխաների կատարումներն արժանացան հրավիրվածների ջերմ ընդունելությանը: Կազմակերպիչների պնդմամբ, երկու երաժշտական դպրոցների մասնակցությամբ անցկացված համերգ-հանդիպումը այն վառ օրինակն է, որ մարզի գյուղական բնակավայրերում ևս արվեստի ու մշակույթի դերն անգնահատելի է:
ՀՀ մշակույթի նախարարության կից գործող «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի 10 տարիների ընթացքում մարզում իրականացրել է տարբեր մշակութային ծրագրեր, կազմակերպել մրցույթներ ու փառատոներ: ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության՝ մշակույթի և սպորտի բաժնի հետ համագործակցելով հիմնադրամը գործունեություն է ծավալում նաև մարզի երաժշտական, արվեստի դպրոցներում, կազմակերպում ուսուցիչների ամենամյա վերապատրաստման դասընթացներ: Ամեն տարի մարզ են գործուղվում հանրապետության լավագույն մեթոդիստ-մանկավարժներ, ուսումնամեթոդական օգնություն է ցուցաբերվում երաժշտական, արվեստի դպրոցներին, նրանց է տրամադրվում երաժշտական գրականություն ու երաժշտական գործիքներ: