Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կիրառվելու է հաշմանդամության սահմանման նոր մոդել
17.04.2018

Այսօր մարզպետ Վահե Հակոբյանը մարզպետարանի նիստերի դահլիճում անցկացրել է խորհրդակցություն մարզի առողջապահական ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ: Խորհրդակցությանը քննարկվել են բժշկասոցիալական փորձաքննության ոլորտին առնչվող հարցեր, որին մասնակցում էր նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետի տեղակալ Նունե Շահվերդյանը: Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետի տեղակալը նախ տեղեկացրեց, որ Սյունիքի մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի նախագահ Անուշ Օրբելյանը և հանձնաժողովի բոլոր անդամները գործակալություն են ներկայացրել աշխատանքից ազատվելու իրենց դիմումները, և այսօր գործակալությունը զբաղվում է Սյունիքում նոր հանձնաժողով ձևավորելու գործընթացով: Նա նաև տեղեկացրեց, որ մինչ նոր հանձնաժողովի ձևավորումը Սյունիքում աշխատանքները կհամատեղվի Վայոց ձորի մարզի բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից: Գործակալության պետի տեղակալի խոսքով գործակալության կողմից իրականացված ստուգումների արդյունքում Սյունիքում բազմաթիվ թերություններ են արձանագրվել, որի վերացման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում: Նունե Շահվերդյանը մարզի առողջապահական ոլորտի պատասխանատուներին խնդրեց հետագա գործունեության մեջ հնարավորինս բացառել նման խնդիրների առաջացումը և հաշմանդամության կարգավիճակ ստանալու համար դիմող անձանց հետազոտությունները իրականացվեն օբյեկտիվորեն:
Անդրադառնալով բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի խնդիրներին՝ Նունե Շահվերդյանը նշել է, որ համակարգում արմատական փոփոխություններ են լինելու, որի նպատակն է նվազեցնել հայեցողական լիազորությունները այդ ոլորտում՝ նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը: Նշվեց, որ ներառվելու է անձի բազմակողմանի գնահատման առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգիչների վրա հիմնված հաշմանդամության պահպանման նոր մոդելը, որը հաշմանդամությունը դիտարկում է որպես անձի առողջական խնդրի և միջավայրային գործոնների փոխազդեցություն։ «Հաշմանդամի կարգավիճակ չպետք է տրվի այն մարդուն, ով դրանով տարբեր հարցեր է փորձում լուծել».- նշեց ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետի տեղակալը:
Հանդիպման մասնակիցները ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության ներկայացուցիչներին ներկայացրեցին իրենց խնդիրներն ու մտահոգող հարցերը:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը նշեց, որ առանձնակի ուշադրություն է դարձվելու մարզի նոր ձևավորվող բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի աշխատանքներին, որպեսզի բացառվեն այն անթույլատրելի բացթողումները, որոնք տեղ էին գտել նախկին հանձնաժողովի գործունեության մեջ: <<Մենք մեր հետագա գործունեությամբ պետք է մարզի համբավը վերականգնենք>>,- նշել է Սյունիքի մարզպետը: