Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սյունեցի ըմբշամարտիկը՝ Եվրոպայի առաջնությունում
03.05.2018

Այսօր Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ընդունել է Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցի սան, ըմբշամարտիկ Արթուր Թելունցին և նրա մարզիչ Տիգրան Աղաբեկյանին: Մարզիչը Սյունիքի մարզպետին է ներկայացրել Արթուր Թելունցի` մի շարք մրցույթներում արձանագրած հաջողությունները: Նա նշել է, որ ըմբշամարտիկը ճանաչվել է Եվրոպայի մրցաշարի համար ստուգողական գոտեմարտի հաղթող և արժանացել հունիսի 15-17-ը Հունգարիայում կայանալիք Եվրոպայի դեռահասների ըմբշամարտի առաջնությանը մասնակցելու պատվին:
Վահե Հակոբյանը շնորհավորել է մարզիկին, հաջողություն մաղթել նրան ու հույս հայտնել, որ սյունեցի մարզիկը առաջնությունից հաղթանակով կվերադառնա: Ըմբշամարտիկ Արթուր Թելունցին առաջնությանը մասնակցելու համար մարզի ղեկավարը պատրաստակամություն հայտնեց աջակցելու:
Հանդիպմանը Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Տիգրան Աղաբեկյանը իր հերթին շնորհակալություն է հայտնել Վահե Հակոբյանին` մարզադպրոցի նկատմամբ ցուցաբերած մշտական ուշադրության ու զորակցության համար:
Արթուր Թելունցը Եվրոպայի դեռահասների ըմբշամարտի առաջնությանը Հայաստանը ներկայացնելու է 41 կգ քաշային կարգում: