Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքի նորանշանակ մարզպետը ներկայացվել է մարզպետարանի աշխատակիցներին, ՀԳՄՏ ծառայություններին և ՏԻՄ-երին

09.06.2018

 ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը 2018 թվականի հունիսի 9-ին Կապանում Սյունիքի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներին և համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Կարեն Համբարձումյանին։

Նախարար Պապիկյանը, շնորհավորելով Կարեն Համբարձումյանին մարզպետի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթելով բեղմնավոր աշխատանք, ասել է, որ հայաստանյան քաղաքական իրավիճակով պայմանավորված` պետությունը կանգնել է կարևորագույն մի ճամփաբաժանի առջև, որում յուրաքանչյուրը պետք է ունենա իր պատասխանատու դերակատարումը: «Այսօր հետհեղափոխական Հայաստանում հնարավորություն ենք ստացել ստեղծելու իրավամբ ժողովրդավար երկիր և այդ քաղաքակրթական նոր հանգրվանին հասնելու ճանապարհն անցնում է մեր համայնքներով»,-նշել է նախարարը։ Սուրեն Պապիկյանը տեղական ինքնակառավարման մարմիններին հիշեցրել է, որ հենց նրանք են հանդիսանում հասարակության արտացոլումը, ժողովրդի պատգամները, խնդիրներն ու պահանջները կրողն ու ներկայացնողը, և այս գործընթացում խիստ կարևոր է ամենօրյա աշխատանքային ռեժիմում դրսևորել թափանցիկություն և հաշվետվողականություն։

Նախարարը խոսել է նաև համայնքային սեփականություն հանդիսացող հողի և գույքի օտարման գործընթացներում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի բացառմանը միտված ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից մշակվող առցանց էլեկտրոնային հարթակի մասին, որը հնարավորություն կտա չեզոքացնել գույքի օտարման գործընթացում կամայականություններն ու ապօրինությունները՝ տեղեկատվական բազան դարձնելով բաց և հասանելի։

Սուրեն Պապիկյանը ներկաներին հիշեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձարարականի մասին, համաձայն որի մարզպետարանները պետք է ունենան մարզերի զարգացմանն ուղղված պատրաստի բիզնես-փաթեթներ, որոնք առաջարկվելու են ոչ միայն տեղի գործարարներին, այլև մեր այն հայրենակիցներին, ովքեր ապրելով Հայաստանի սահմաններից դուրս, ցանկանում են ներդրումներ կատարել հայրենիքում։

Սյունիքի նորանշանակ մարզպետ Կարեն Համբարձումյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բարձր և պատասխանատու այդ պաշտոնն իրեն վստահելու համար և հավաստիացրել, որ գործելու է բացառապես ի շահ և ի նպաստ Սյունյաց աշխարհի և Սյունիքի ժողովրդի։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53