Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը հանդիպեց ՔՀԿ-ների ներկայացուցիչներին
27.06.2018

2018 թվականի հունիսի 27-ին կառուցողական երկխոսության հանձնառություն ծրագրի շրջանակներում գործարկվող ՔՀԿ-ների ինկուբատորի շրջանակներում կայացավ հանդիպում Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանի և Սյունիքի ՔՀԿ-ների ինկուբատորի մասնակիցների միջև:
Հանդիպման ընթացքում ներկայացվեց «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և գործընկեր կազմակերպությունների կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, ծրագրի բաղադրիչը, ինչպես նաև քննարկվեցին երկկողմ համագործակցության շուրջ պայմանավորվածությունների ձեռք բերման հետ կապված մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցող ՔՀԿ-ների ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց կազմակերպությունները, իրականացված ծրագրերը, ինչպես նաև խոսեցին առաջիկայում նախատեսվող ծրագրերի մասին՝ ակնկալելով տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությունը նշված ծրագրերի իրականացման գործում:
Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը ողջունեց «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը: Նա իր խոսքում կարևորեց մարզում գործող ՔՀԿ-ների աշխատանքը` նշելով, որ մարզպետարանը պատրաստակամ է աջակցել ծրագրի իրականացմանը, ինչպես նաև լսելի դարձնել ՔՀԿ-ների ձայնը: Անդրադարձ կատարվեց նաև ՔՀԿ-ների և մարզպետարանի միջև փոխադարձ համագործակցության և կառուցողական երկխոսության ձևավորմանը:
Հանդիպման ընթացքում ՔՀԿ-ների ներկայացուցիչները Սյունիքի մարզպետին ուղղեցին իրենց հուզող հարցերը, որոնք առնչվում են կրթության, առողջապահության, սոցիալական ոլորտներին: ՔՀԿ-ների կողմից բարձրացված խնդիրների վերաբերյալ Սյունիքի մարզպետի կողմից համապատասխան բաժիների և վարչությունների ղեկավարներին տրվեց հանձնարարականներ: