Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԳՈՐԻՍԻՆ ՀԱՆՁՆՎԵՑ ԱՊՀ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՏԻՏՂՈՍԸ

08.07.2018

Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը մասնակցեց «Գորիսը՝ 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի շրջանակներում  անցկացված միջոցառումներին, որոնք մեկնարկեցին հուլիսի 7-ին Գորիսում:
Միջոցառումներն սկսվեցին Ստեփանակերտ-Գորիս մայրուղու վրա   քաղաքի մուտքն ազդարարող հուշարձանի բացմամբ:
2018թԱՊՀ մշակութային մայրաքաղաքի  ընտրության ժամանակ հաշվի էր առնվել Գորիսի հարուստ պատմությունը, նրա ավանդույթները, հետաքրքիր ճարտարապետությունը:
Միջոցառումներին մասնակցում էին  ԱՊՀ երկրներից ժամանած մոտ  150 հյուրեր՝ մտավորականներ, արվեստագետներ, պաշտոնյաներ, դեսպաններ ու դեսպանատների աշխատակիցներ, Գորիսում էր նաեւ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
Միջոցառումների հաջորդ կանգառը Սերո Խանզադյանի տուն- թանգարանն էր, որի առաջին հարկում  սրճարան-գրախանութ բացվեց: Իսկ Քարահունջում կազմակերպվեց ամենամյա  ավանդական թթի փառատոնը:
Երեկոյան  Գորիսը  հանդիսավորությամբ ընդունեց  ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաքի տիտղոսը:
Տիտղոսի հանձնման արարողության ժամանակ իր ելույթով ներկաներին շնորհավորեց Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը:
Ողջունելով ներկաներին՝ նա մասնավորապես նշեց. «Կարծում եմ՝  պատահական չէ, որ հենց Գորիսն է այս ծրագրով հայտարարվել մշակութային մայրաքաղաք. քաղաքն ունի հարուստ պատմամշակութային ժառանգություն, պաշտոնապես գրանցված ավելի քան 278 հուշարձան եւ այդ ամենը որպես տնտեսական-սոցիալական-մշակութային զարգացման ռեսուրս օգտագործելու հնարավորություն:
Այսօր սկիզբ առած միջոցառումներն ու հանդիպումները, համոզված եմ,  նպաստելու են Գորիսի, ինչպես նաեւ Սյունիքի մարզի մշակութային, սոցիալական, տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը:
Այս ամենով հանդերձ, սակայն,  կարծում եմ՝ Գորիսի ամենակարեւոր հարստությունը միշտ  եղել է ու կա  գորիսեցին...
Շնորհավորում եմ բոլորիս այս տոնական առիթով եւ հուսով եմ, որ սա  Գորիսի առաջընթացի համար  նոր սկիզբ կդառնա»:
Հանդիսությանը գեղեցիկ կատարումներով հանդես եկավ «ԱՊՀ սիմֆոնիկ նվագախումբը»:
Միջոցառումներով հագեցած էր նաեւ տոնակատարության հաջորդ օրը. հուլիսի 8-ին Գորիսի Անկախության հրապարակում «Հին եւ նոր Գորիս» գիրք-ալբոմի շնորհանդեսն էր, ԱՊՀ անդամ երկրների ազգային պարերի բացօթյա ֆլեշմոբը, «Սյունիք» պարային համույթի կատարումները:
Մինչ այդ քաղաքի հյուրերը եղան Ակսել Բակունցի տուն-թանգարանում,  իսկ Անկախության փողոցում  գորիսյան հյուրասիրությունն էր:
Գուսան Աշոտի տան մոտ  գուսանի անունը կրող համույթն էր՝ իր կատարումներովՄխիթար Սպարապետի անվան հրապարակում  կազմակերպվել էր ձեռքի աշխատանքների, նկարների ցուցահանդես:
Հիշեցնենք` 2017 թվականի ապրիլի 7-ին Տաշքենդում ԱՊՀ արտգործնախարարների խորհուրդը հավանություն տվեց Գորիսը 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու որոշման նախագծին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:41:28