Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՅՑ ԳՊՀ՝ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՇՏԿԵԼՈՒ ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՄԲ

26.07.2018

Հուլիսի 26-ին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանի ուղեկցությամբ այցելեց Գորիսի պետական համալսարան: Ինչպես նշեց նախարարը, այցի նպատակը համալսարանում ստեղծված իրավիճակին ծանոթանալն էր. «Ինձ անընդհատ նամակներ, դիմումներ են գրում. մի կողմը մեկ կարծիք է հայտնում, մյուս կողմը՝ այլ կարծիք, եւ որոշեցի լինել տեղում ու լսել կողմերին»:

Վերջին շրջանում բուհում ստեղծված վիճակի պատճառների վերաբերյալ տարբեր ու իրարամերժ ելույթներ ու կարծիքներ հնչեցին, լսարանը երկու մասի էր բաժանվել, եւ ստեղծված մթնոլորտը մտահոգեց  նախարարին. «Մթնոլորտը, որ ձեզ մոտ կա, ակադեմիական չէ, գործընկերային չէ. բուհի տպավորություն չեմ ստանում: Ձեր անձնական խնդիրները մի կողմ թողեք: Եթե այսպես շարունակվի, ապա պետք է լուծարել Գորիսի պետական համալսարանը եւ նոր բուհ ստեղծել Գորիսում: Այս մթնոլորտում աշխատել հնարավոր չէ»: 

Սակայն ավելի ուշ, լսելով մարզպետ Կարեն Համբարձումյանի առաջարկությունը, նախարարը մի փոքր նահանջեց այս արմատական  դիրքորոշումից: Իսկ  մարզի ղեկավարը մասնավորապես նշեց. «Ինձ համար տհաճ է այս վիճակը: Կողմերի միջեւ մեծ անդունդ է ստեղծվել: Ես ցավում եմ, չէի ցանկանա այդ ամենը տեսնել: Այս վիճակը պատիվ չի բերում Գորիսի պետական համալսարանին, նաեւ ամբողջ Սյունիքին:  Հորդորում եմ, որ հնարավորություն տանք ե՛ւ ԳՊՀ ղեկավարությանը, ե՛ւ կոլեկտիվին՝ մինչեւ օգոստոսի 25-ը շտկել իրավիճակը: Այս մթնոլորտում բացառվում է ուսումնական նորմալ պրոցեսի կազմակերպումը: Փորձենք ամեն ինչ հարթել, թողնել անցյալում ու նոր եւ մաքուր էջից սկսել»: 

Նախարարը հավանություն տվեց մարզպետի դիտարկմանը եւ ավելացրեց. «Կան ակնհայտ թերություններ, որ պետք է վերացվեն անմիջապես: Կան հարցեր, որ մեր իրավաբանները կգան եւ տեղում կուսումնասիրեն ու ընթացք կտան: Իսկ եթե արդյունքում իրավիճակը փոխվի, ապա ես ուրախ կլինեմ»:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47